Խորհրդարանը շարունակում է քննարկել Կառավարության ծրագիրը: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը վարչապետ Հովիկ Աբրահամյանին խնդրեց գնահատական տալ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի գործունեությանը:
Հովիկ Աբրահամյանը նշեց, թե ինքը գնահատականներ չի տալիս նախորդների գործունեությանը: «Հասկանում եմ, որ ինձանից ուզում եք ստանալ բացասական գնահատական, սակայն ես իմ նախորդների մասին երբեք բացասական կարծիք չեմ հայտնում, դա իմ տեսակն է»:
Իսկ այն հարցին, թե ինչպես է կառավարությունը պայքարելու ատկատի արմատացած արատավոր երևույթի վերացման համար, և որքանով է այն թափանցիկ լինելու, Աբրահամյանը պատասխանեց, որ դա կիրականացվի քաղաքացիական հասարակության և քաղաքական ուժերի հետ համատեղ աշխատանքով:
«Ես այդպես եմ պատկերացնում պայքարը «ատկատի» դեմ: Դա միայն վարչապետի և կառավարության խնդիրը չէ, ակնկալում եմ բոլորի աջակցությունը, ես յուրաքանչյուր հարցի շատ օպերատիվ կարձագանքեմ»,- ասաց Հովիկ Աբրահամյանը: