Զավեշտ, որը վտանգում է Ազգային ժողովի հեղինակությունը և կարող է մեր գործընկերների համար ընկալվել որպես դիրքորոշում և արհամարհանք: Այս մասին ասված է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանի տարածած հայտարարությունում: Պատգամավորի տարածած հաղորդագրության մեջ նաև նշված է.
« Դեռևս նախորդ տարվա աշնանը տեղի ունեցավ ԱՊՀ երկրների միջխորհրդարանական վեհաժողովի հանձնաժողվի նիստը, սակայն Հայաստանի Հանրապետությունից մասնակցություն չեղավ: Հայկական կողմը դա հիմնավորեց տարվա ավարտով և բյուջեում գումարի սակավությամբ, ինչին, բնականաբար, այն ժամանակ ըմբռնումով մոտեցա:
Մայիսի 21-22-ը Սանկտ Պետերբուրգում ընթանում է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի տնտեսական և ֆինանսական մշտական հանձնաժողովի նիստը:
Թերևս ավելորդ է ներկայացնել դրա կարևորությունն ու քննարկվող հարցերն ու սպասելի որոշումները, որոնք կայացվում են նման բարձր մակարդակի քննարկումներից հետո: Վերոնշյալ պատվիրակության կազմում ենք ես և գործընկերներս ՝ Գուրգեն Արսենյանն ու Վարդան Այվազյանը, սակայն երեկ՝ թռիչքից ընդամենը մի քանի ժամ առաջ, տեղեկացրեցին, որ Ազգային ժողովն անհրաժեշտ ֆինանսական հատկացում չի կարող անել, և աշխատանքային գործուղումը չի կարող կայանալ:
Անթույլատրելի է, որ նմանօրինակ կարևոր միջխորհրդարանական, դիվանագիտական այցելության համար գումար չկա, սակայն ամեն անգամ ծանոթանալով բյուջեի ծախսային մասին՝ ականատես ենք լինում մի շարք չհիմնավորված և ոչ նպատակային ծախսերի: Մտահոգիչ է, որ նման գործելաոճով առաջնային վտանգի տակ է դրվում մեր երկրի խորհրդարանական դիվանագիտությունն ու Ազգային ժողովի վարկանիշը՝ մեր գործընկեր երկրների մոտ: Մեր մասնակցությունը կարևոր էր հատկապես այս ժամանակահատվածում, երբ մեր տարածաշրջանում քաղաքական լուրջ գործընթացներ են, իսկ հանձնաժողովի նիստին նախատեսված էր ԱՊՀ գործընկեր երկրների կողմից ներկայացված մի շարք առաջարկություններ և ուշադրություն՝ Ադրբեջանի պատվիրակությունը ներկայացրել էր առաջարկությունների փաթեթ-դիտողություն, որը պետք է քննարկվեր Սանկտ-Պետերբուրգում:
Հ.Գ. Բոլոր հետևությունները թողնում եմ Ձեր դատին» :