Խորհրդարանում Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց վարչապետին, թե ինչպես պետք է հասկանալ նրա՝ «Պարտադիր, բայց ոչ պարտադրված» արտահայտությունը:
«Աղայանի հայերենի բացատրական բառարանում պարտադիր բառը նշանակում է հենց պարտադրված: Ստացվում է, որ վարչապետի ասածն իմաստ չի արտահայտում»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Հովիկ Աբրահամյանն էլ արձագանքեց. «Լավ է, որ բառարանից եք օգտվում: Եթե ժամանակ գտնեմ, ես էլ կսկսեմ ընթերցել բառարաններ: Ես շատ հստակ եմ հայտնել իմ դիրքորոշումը: Հասկանում եմ` դա ձեր ձեռագիրն է, որ միշտ ուզում եք ինչ-որ թերություն գտնել, բայց կարևորը, դա ինձ չի հուսալքում: Ինչքան ուզում եք, խոսե՛ք, ես իմ գործն եմ անում»:
Փաշինյանն էլ, ի պատասխան, նշեց, թե դա էլ իր գործելաոճն է, և ինքը խորհրդարանում է հենց թերությունները մատնանաշելու, ոչ թե դիմացինների երեսին նայելու համար: