Եթե համամասնական ընտրակարգին անցնելու գաղափարը համախմբել է ե՛ւ արտախորհրդարանական, ե՛ւ խորհրդարանական ընդդիմությանը, ապա իշխող կոալիցիան այդ պատճառով ճաքեր է տալիս: Բանն այն է, որ համամասնական ընտրակարգին անցնելուն, բացի ընդդիմությունից, կողմնակից է նաեւ կոալիցիոն ԲՀԿ-ն:
ՀՀԿ-ն այս պահին կտրականապես դեմ է 41/90 հարաբերակցությունից անցում կատարել 100 տոկոս համամասնականի, թեեւ այս գաղափարը` որպես այդպիսին, իրենք եւս չեն մերժում: Ինչ վերաբերում է կոալիցիոն երրորդ ուժին, ապա դատելով ՕԵԿ-ականների ելույթներից` դեմ չեն համամասնական ընտրակարգին, բայց քանի դեռ այդ գաղափարին դեմ է ՀՀԿ-ն, այս կուսակցության կցորդը դարձած կոալիցիոն փոքր եղբայրն առայժմ չի համարձակվում բարձրաձայնել իրական տեսակետը:
Ինչեւէ, «Էրեբունի» հյուրանոցում երեկ այս թեմայով կազմակերպված համաժողովը կարելի է համարել աննախադեպ: Մասնակցում էր քաղաքական դաշտի գրեթե ողջ սպեկտորը. այնտեղ էին ե՛ւ Հայ ազգային կոնգրեսի, ե՛ւ ՀՅԴ-ի, ե՛ւ «Ժառանգության», ե՛ւ կոալիցիոն երեք ուժերի՝ ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, ՕԵԿ-ի, նաեւ՝ մի քանի այլ կուսակցությունների ներկայացուցիչներ: Ավելին, ստացվեց այնպես, որ խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմությունը համամասնական ընտրակարգին անցնելու հարցում միմյանց հետ համագործակցելու եւ իրար օգնելու են: Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը նշեց, թե քաղաքական ուժերի խնդիրը մեկն է` ջախջախել ընտրակեղծիքների մեքենան, այլապես «հերթական անգամ բռնաբարվելու է ժողովրդի կամքը»: Իսկ փաստը, որ քննարկմանը մասնակցում են այդ թվով քաղաքական ուժեր, ըստ նրա, վկայում է, թե որքան լուրջ է ընտրությունների կեղծման վտանգը եւ դրա գիտակցումը: «Ցանկանում եմ հայտարարել, որ հենց այս հարցերի լուծման նպատակով Կոնգրեսը պլանավորել է փետրվարի 17-ին համապետական հանրահավաք անցկացնել: Մենք նաեւ նախատեսել ենք հանրահավաք այն օրերին, երբ ԱԺ-ում քննարկվելու է այս առաջարկը»,-հայտարարեց Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը: Այսինքն՝ ՀՅԴ-ն ու «Ժառանգություն»-ն ԱԺ-ում կբարձրացնեն համամասնական ընտրակարգի անցնելու հարցը, իր հերթին խորհրդարանի մոտ հանրահավաքներ կանցկացնի Կոնգրեսը՝ պահանջելով կատարել արդեն համաժողովրդական պահանջ դարձած այս հարցը: ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը մեր դիտարկմանը, թե ԲՀԿ տեսակետն այս հարցում մոտ է ոչ թե կոալիցիոն գործընկերների, այլ ընդդիմության դիրքորոշմանը, նշեց. «ԲՀԿ խմբակցությունում այս հարցը դեռ չի քննարկվել, ես ներկայացնում եմ իմ անձնական դիրքորոշումը, բայց իմ կարծիքը հենվում է ԲՀԿ ռազմավարական ծրագրի վրա, որտեղ ամրագրված է անցումը 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին: Ի դեպ, կոալիցիայի մաս կազմող մյուս կուսակցությունները եւս շեշտեցին համամասնական ընտրակարգի անցնելու կարեւորությունը, բայց խնդիրը զուտ ժամանակի հարցն է՝ հիմա՞, թե՞ որոշ փուլեր անցնելուց հետո: Եթե լսեցիք՝ ոչ մեկը չհերքեց, որ քաղաքական խորհրդարան ունենալու համար անհրաժեշտ է անցումը 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին: Խնդիրը պահի, ժամանակի ընտրության հարցն է»: ԲՀԿ-ի այս տեսակետը, մեղմ ասած, զայրացրել էր ՀՀԿ-ին: Համաժողովի մասնակիցներից Հովհաննես Սահակյանը մեզ հետ զրույցում Ն.Զոհրաբյանին հիշեցրեց, որ վերջինս ժամանակին որպես համահեղինակ ստորագրել է ԸՕ նախագծի տակ, որտեղ սահմանված է 41 մեծամասնական եւ 90 համամասնական ընտրակարգովը: «Եթե հանենք ԱԺ սղագրությունները, կտեսնենք, թե նա ժամանակին ինչ ելույթ էր ունենում եւ անձնուրաց պաշտպանում այդ ընտրակարգը: Այնպես որ, սա ընդամենը քաղաքական PR է»,-կոալիցիոն գործընկերոջ մասին ասաց ՀՀԿ-ականը: Վերջինս նաեւ մեկնաբանեց, թե իրենք ինչու են մասնակցում այդ համաժողովին. «Մենք պատրաստ ենք ցանկացած քննարկման մասնակցել: Մենք որեւէ առումով թաքուն, կուլիսային, գիշերային որոշումներ կայացնելու խնդիր չունենք: Մենք բաց ենք քննարկումներին, եւ մեր ներկայությունը դրա ապացույցն է»:
Թեեւ ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանն այս համաժողովին իշխող կոալիցիայի ներկայությունը պայմանավորեց այլ հանգամանքով. «Վերջապես պարզ է, որ ՀՅԴ-ի ու «Ժառանգության» նախաձեռնությունը եւ դրան միացած արտախորհրդարանական բոլոր ուժերի նպատակն իշխանությունը փոխելն է: Մենք ուզում ենք համամասնական ընտրակարգի հաստատումով իշխանության խաղաղ փոփոխման մեխանիզմ հաստատել մեր երկրում: Իշխանությունն էլ հասկանում է, որ իրեն փոխելու մասին է խոսքը, դրա համար էլ եկել են, որպեսզի դուրս չմնան քննարկումից»: Նա նաեւ հասարակությանը կոչ արեց զինվել ավելներով: ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանին խնդրեցինք մեկնաբանել ԲՀԿ պահվածքը, որի տեսակետը, փաստորեն, մոտ է ընդդիմության կարծիքին: «Սա նշանակում է, որ գոյություն ունի կոնսենսուս -1 վիճակ: Դա լուրջ մարտահրավեր է իշխանությունների համար. հիմա նրանք արդյո՞ք պետք է մեկուսացված մնան քաղաքական դաշտից, այդ թվում հասարակությունից, թե՞ պետք է ականջալուր լինեն: Եթե ականջալուր չեն լինում, արդյո՞ք դա չի խոսում նրանց լեգիտիմության մասին: Լեգիտիմությունը միայն ընտրություններով չի լինում»,-ասաց նա:
Վերջում ավելացնենք, որ մեծ հաշվով մեկ է` կուսակցությունները համամասնական ընտրացուցակներով, թե առանձին ընտրատարածքներից` մեծամասնական ընտրակարգով կմտնեն խորհրդարան: Կարեւորն այն է, որ նրանք ԱԺ մտնեն ժողովրդի քվեով:
ՀԱՄԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳԸ՝ ՆՈՐ ՓՈՐՁԱՔԱՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ