ՆԺԴԵՀԻ ԱՐՁԱՆԸ ԹՈՂԱԾ (խմբագրական)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս օրերին բոլորի ուշադրության կենտրոնում է խորհրդային հայտնի քաղաքական գործիչ Անաստաս Միկոյանի արձանը Երեւանում տեղադրելու հարցը: Ինչպես հայտնի է` Երեւանի ավագանու քվեարկությունը սկանդալային հնչեղություն ստացավ այն բանից հետո, երբ ՀՀԿ խմբակցության անդամ, Ցեղասպանության թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը դեմ հանդես եկավ` մատնանշելով Միկոյանի ունեցած դերակատարությունը` 37 թվի ստալինյան ռեպրեսիաների մեջ: Ու թեեւ առայժմ ներկայացված փաստաթղթերում չկա կոնկրետ Միկոյանի ստորագրությունը, այլ առկա է Եժովի հեղինակած նամակը, որտեղ նա հղում անելով Միկոյանին` պահանջում է Հայաստանից ավելի մեծ թվով «ազգի դավաճանների» գնդակահարել, Միկոյանի արձանի տեղադրումը մայրաքաղաք Երեւանում, մեղմ ասած, անհրաժեշտություն չէ:
Քանզի հայազգի շատ ավելի մեծ եւ անբիծ կենսագրություն ունեցող գործիչներ մինչ օրս ոչ միայն Երեւանի սրտում (Միկոյանի արձանը պետք է տեղադրվեր Իսահակյան-Կորյուն փողոցների միջնամասում), այլեւ անգամ արվարձաններում արձաններ ունենալու բախտին չեն արժանացել:
Այդ շարքում, սակայն, ամենաարտառոցը հայ ազգի մեծագույն զավակներից Գարեգին Նժդեհի արձանի բացակայությունն է: Իսկ դա արտառոց է այն պատճառով, որ տասնհինգ տարի շարունակ երկրի իշխանության ղեկն իր ձեռքում պահող Հանրապետական կուսակցությունը Գարեգին Նժդեհին հռչակել է իր գաղափարական հայրը, եւ պարբերաբար օգտագործում է Նժդեհի անունը` «խիստ գաղափարական» քաղաքական ուժի տպավորություն թողնելու նպատակով:
Թե իրականում որքանով են ՀՀԿ-ականները նժդեհապաշտ` պարզ դարձավ այն բանից հետո, երբ անգամ Նժդեհի 120-ամյակին չտեղադրվեց դեռեւս 100-ամյակից խոստացված արձանը: Իսկ Հայաստանի ամենահարուստ քաղաքական ուժն այս տարիների ընթացքում ոչ մի լումա չհատկացրեց Նժդեհի մասին պատմող որեւէ փաստագրական ֆիլմ նկարելու համար: (Նժդեհի մասին վիճահարույց գեղարվեստական ֆիլմն էլ նկարահանվել է բացառապես ռեժիսորի անձնական ջանքերի շնորհիվ ներգրավված ներդրողի միջոցներով):
Եվ այս իրողության ֆոնին առավել տխուր է հատկապես ՀՀԿ նախկին առաջնորդ, խորհրդային տարիների այլախոհ Անդրանիկ Մանուկյանի որդու` Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից Անաստաս Միկոյանի արձանը կանգնեցնելու նախաձեռնությունը: Այդպիսով առավել տեսանելի դարձավ, որ Հանրապետական կուսակցությունն այլեւս վերածվել է ռուսական կոնյուկտուրային հպատակ քաղաքական ուժի, որը պատրաստ է կատարել Կրեմլից եկող ցանկացած «կապրիզ»: Թեեւ չի բացառվում, որ այս դեպքում գործ ունենք ԽՍՀՄ-ի փլուզումը 20-րդ դարի ամենամեծ ողբերգություն համարող Պուտինին հաճոյանալու ինքնաբուխ ստրկամտության հետ, որը, վստահ ենք, մերժվելու է երեւանցիների կողմից:




Լրահոս