ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՕԵԿ-Ը ՉԻ ՀԱՆՁՆՈՒՄ

ՕԵԿ-ի՝ ընդդիմություն դառնալու մասին պաշտոնական հայտարարությունից եւ ապրիլի 25-ին ԱԱԽՔ-ի պաշտոնից հրաժարվելուց հետո ենթադրվում էր, որ այս ամենից հետո Արթուր Բաղդասարյանը պետք է հրաժարվեր նաեւ իր նախագահությամբ գտնվող բոլոր պաշտոններից: «Ժողովուրդ»-ը փորձեց ՕԵԿ մամլո խոսնակ Արթուր Միսակյանից հետաքրքրվել, թե արդյոք Արթուր Բաղդասարյանը հրաժարվե՞լ է Վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից: «Ոչ, Արթուր Բաղդասարյանը չի հրաժարվել Վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից: Իսկ ինչ կապ ունի ֆեդերացիան իշխանության հետ: Վոլեյբոլի ֆեդերացիան հասարակական կազմակերպություն է եւ այն կապ չունի իշխանության հետ: Սա նախարարի պորտֆել չէ, որ հետ կանչես քո նախարարին, կամ քաղաքական պաշտոն չէ»: Ի դեպ, ՕԵԿ-ը դեռ չի հրաժարվել նաեւ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից եւս, որը զբաղեցնում է Հովհաննես Մարգարյանը:

ՄԻԱՅՆԱԿ

ՀՀԿ-ն պատրաստվում է մայիսի 24-ին կայանալիք հերթական համագումարին: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս անգամ ՀՀԿ-ականներն առավել պատասխանատվությամբ են վերաբերվում համագումարին: Բանն այն է, որ ՀՀԿ-ի հետ որեւէ քաղաքական ուժ կոալիցիա չկազմելով, հնարավոր է նաեւ՝ չմասնակցեն Հանրապետականի համագումարին` կուսակցությանը դնելով վատ դրության մեջ: Եթե նախկինում գոնե ՕԵԿ-ականներն էին մասնակցում ՀՀԿ-ի համագումարին` «արբանյակի» դերում, ապա այժմ անգամ այդ «արբանյակը» չկա: Ու հիմա ՀՀԿ-ում քննարկվում է համագումարը բարձր մակարդակով եւ մարդաշատ անցկացնելու հարցը: ՀՀԿ-ի կազմակերպչական հարցերով պատասխանատու Ռուբեն Թադեւոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ համագումարին հրավիրվածների եւ ընդհանուր կանոնակարգի վերաբերյալ իրենք պատշաճ ժամանակահատվածում տեղեկություն կտրամադրեն. «Դա կուսակցության հերթական համագումարն է, սահմանված կարգով տեղեկություն կտրամադրվի»,-ասաց Թադեւոսյանը:

ԳԱԼՈՒՍՏԻՆ ՉԵ՞Ն ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ

Գալուստ Սահակյանը ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ, այս օրերին շնորհավորանքներ է ստանում: Սակայն նրան շնորհավորողների ցանկն ու աշխարհագրությունն այնքան էլ մեծ չէ. «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ եւ ԼՂՀ բարձրաստիճան պաշտոնյաներից բացի, շնորհավորել են նաեւ ՌԴ պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը, ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, ՌԴ Դաշնության խորհրդի անդամ Նիկոլայ Ռիժկովը եւ մի քանի այլ ռուս պաշտոնյաներ: Իսկ ահա Եվրոպական պետություններից ոչ ոք շնորհավորական ուղերձ չի հղել Գ.Սահակյանին: Նրան չեն շնորհավորել անգամ հարեւան Վրաստանից ու Մաքսային միության անդամ երկրներից: Փաստորեն ՀՀ Սահմանադրությամբ պետության 2-րդ դեմքին իրական քաղաքականության մեջ ոչ ոք համարժեք չի ընկալում, ինչի վառ ապացույցը հենց դիվանագիտական շնորհավորանքների լռությունն է:




Լրահոս