«ԵԹԵ ԱՆԳԱՄ Ս. ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՎԵՏԱՐԱՆԸ ՁԵՌՔԻՆ ԳԱ ՊԱՌԼԱՄԵՆՏ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 19-ին կայանալիք Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ ՀՀ նոր կառավարությունը` վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ, ներկայացնելու է իր ծրագիրը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ կառավարության ծրագիրը հիմնականում կազմվել է նախկին ծրագրի հենքի վրա ու, կարելի է ասել՝ նոր ծրագրում ընդամենը կոսմետիկ փոփոխություններ են կատարվել:

Մեզ հասած տեղեկություններով` ՀՀ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության ծրագիրը ներկայացնելու է այնպես, որ այն ի սկզբանե էլ շատ լավն է եղել, պարզապես ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն ու նրա կառավարությունը չեն կարողացել այն կյանքի կոչել: Իսկ ահա իրենք կկարողանան ծրագիրն իրագործել Սերժ Սարգսյանի սրտով:
«Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների հետ՝ պարզելու նրանց ակնկալիքները նոր կառավարության ներկայացնելիք ծրագրից:

ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ
-Պարոն Մանուկյան, տեղեկություններ կան, որ նոր ձեւավորված ՀՀ կառավարության ծրագրում ընդգծված որեւէ փոփոխություն չի լինելու: Նշվում է, որ ներկայացվելիք ծրագիրը հնի` կոսմետիկ փոփոխությունների ենթարկված տարբերակն է: Դուք ի՞նչ ակնկալիքներ ունեք ՀՀ կառավարության ծրագրից:
-Մենք բազմիցս հայտարարել ենք, որ մեզ համար ամենեւին կարեւոր չէ, թե ովքեր են լինելու ՀՀ կառավարությունում եւ ինչ ծրագիր են բերելու: Մեր դիրքորոշումը հստակ է. եթե կառավարության գլխին կա Սերժ Սարգսյան եւ կոռումպացված ինստիտուցիոնալացված կաշառքի համակարգ, ապա որեւէ անձ, որեւէ ծրագիր չի կարող մեր երկիրը փրկել: Ու մենք էս գլխից էլ ասում ենք` ինչ ծրագիր էլ բերեն, նույնը լինի, հինը լինի, մեջը սիրուն գրված լինի, թե ոչ` մենք գիտենք, որ այդ ծրագիրը հնարավոր չէ իրագործել: Կոսմետիկ փոփոխություն կլինի, ինչ կլինի, այս դեպքում արդեն անիմաստ է: Որեւէ ծրագիր Հանրապետական կուսակցության հետ եւ Սերժ Սարգսյանի գոյության պայմաններում, հնարավոր չէ իրականացնել: Եթե անգամ Սերժ Սարգսյանն Ավետարանը ձեռքին գա պառլամենտ` ես չեմ հավատալու, որ ինքը կարող է որեւէ բան անել:

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար ԱՂՎԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ
-Պարոն Վարդանյան, ՀՅԴ-ն ինչ ակնկալիքներ ունի ՀՀ կառավարության ծրագրից: Տեղեկություններ կան, որ նոր կառավարությունն ակնհայտ փոփոխություններ չի կատարել ու հիմնականում լինելու է նախկին կառավարության ծրագիրը` ինչ-որ չափով փոփոխության ենթարկված:
-Կառավարության ծրագրի մասին ես կարող եմ տեսակետ հայտնել, երբ որ տեսնեմ այն:
-Բայց ՀՅԴ-ն ի՞նչ սպասելիքներ ունի ՀՀ կառավարության ծրագրից: Կոնկրետ փոփոխությունների սպասո՞ւմ եք:
-Փաստաթուղթը կբերեն, կտեսնենք, ու իմ սպասել-չսպասելը որեւէ կապ չունի: Կլինի՝ կկարդանք, կտեսնենք՝ ինչ է, որից հետո կասենք մեր տեսակետը:

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆ
-Տիկին Զոհրաբյան, ԲՀԿ-ն ինչ ակնկալիք ունի նոր կառավարության ծրագրից: Տեղեկություններ կան, որ նոր ծրագիրը հնից շատ չնչին տարբերություն է ունենալու:
-Քաղաքական ուժը չի կարող տեղեկությունների հիման վրա որոշում կայացնել, երբ որ կգա ծրագիրը, այդ ժամանակ էլ կհնչի մեր տեսակետը: Կգա ծրագիրը, մենք այն կքննարկենք ու, բնականաբար, ԲՀԿ-ն իր քաղաքական որոշումը կկայացնի: Այն քաղաքական ուժը, որը կանխավ, առանց կառավարության ծրագիրը տեսնելու կհայտարարի, թե ինքն ինչպիսի քաղաքականություն է որդեգրելու այդ ծրագրի նկատմամբ, դրանով ցույց կտա, որ իր այդ վերաբերմունքը որեւէ կապ չունի ծրագրի հետ, դա ուղղակի ի սկզբանե կանխորոշված ու որոշված քաղաքական պոզիցիա է:
-Տվյալ դեպքում խոսքն ավելի շատ սպասելիքների մասին է…
-Ես ձեռնպահ եմ մնում ենթադրություններից, ես մեկնաբանում եմ փաստը:

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ
-Պարոն Պողոսյան, «Ժառանգություն» խմբակցությունը ՀՀ կառավարության ծրագրից սպասելիքներ ունի՞:
-Դժվարանում եմ որեւէ բան ասել, քանի որ ծրագիրը դեռեւս չեմ տեսել, չգիտեմ՝ ինչ ծրագիր կլինի, ինչ են անելու: Երբ ծրագիրը կառավարությունը կբերի ԱԺ, այդ ժամանակ էլ կերեւա, պարզ կլինի: Դեռեւս նման հարց չենք էլ քննարկել, պետք է հույսով ապրել, բայց այդպես մեծ ակնկալիքներ ՀՀ կառավարության ծրագրից չկան:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս