ԾՈՎԱԳՅՈՒՂԸ ՈՏՔԻ Է ԿԱՆԳՆԵԼ
Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների` նախօրեին ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքի մի խումբ ձկնորսներ Սեւանի թերակղզու վրա բողոքի ակցիա են անցկացրել: Բանն այն է, որ նրանց արգելում են ձուկ որսալ: Իսկ Սեւանա լճի ափամերձ ռեստորանների տնօրեններին արգելում են ձուկ գնել: Եվ հիմա ձկնորսներն անելանելի դրության մեջ են: Տարիներ շարունակ այս մարդիկ իրենց ընտանիքը պահել են միայն ձկնորսության միջոցով: Ձկնորսները բողոքի ակցիան անցկացրել են իրենց երեխաների հետ` Ծովագյուղի գյուղապետից պահանջելով արագ խնդիրը կարգավորել կամ պահել իրենց երեխաներին: Բարձրացրած խնդիրները լսելով` Ծովագյուղի համայնքապետ Վահրամ Գեւորգյանն անմիջապես զանգել է մարզի դատախազ Արսեն Արսենյանին, ով էլ իր հերթին է գնացել եւ լսել նրանց պահանջը: Աղմուկ չբարձրացնելու նպատակով Ծովագյուղի համայնքապետը խնդրել է ձկնորսներին առժամանակ դադարեցնել ձկնորսությունը մինչեւ մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանին խնդրի մասին զեկուցի: Ձկնորսներն էլ գյուղապետին զգուշացրել են, որ եթե խնդիրը չկարգավորվի, ապա իրենք կփակեն Երեւան-Դիլիջան ավտոմայրուղին: Ռաֆիկ Գրիգորյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ այսօր ձկնորսությունն արգելվում է: «Ձկնորսությամբ զբաղվողներին տրվում է թույլտվություն, որն էլ տալիս է «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ը: Նրանք, ովքեր կփորձեն օրենքը խախտելով զբաղվել ձկնորսությամբ, կպատժվեն»,-լրացրեց մարզպետը:
ՔԱՌՅԱԿԻ ԿՈՒՏԱԿԱՅԻՆԸ
«Հրաշալի քառյակ»-ը երեկ կառավարություն է ուղարկել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների իր փաթեթը: Քառյակի կուսակցություններից ՀԱԿ-ը, սակայն, նախաձեռնությանը միացել է վերապահումով` մասնավորապես «մարդկանց պետք է վերադարձվեն ոչ միայն այն գումարները, որոնք կուտակային ֆոնդեր «մտնելու» ճանապարհին են, այլ նաեւ այն գումարները, որոնք արդեն փոխանցվել են համապատասխան ֆոնդերին»: Նշենք, որ իշխանություններն ամեն գնով դիմադրում են այս տարբերակին, քանի որ առանց այն էլ՝ հազիվ են կարողանում բյուջե հավաքագրել, եւ հիմա այդ գումարները վերադարձնելն իրենց համար խնդիր է:
ԴԱՎԻԹԸ ԳՆԱՑ, «ԳԱԶԸ ԹՈՂԵՑ»
ՀՀ գազամատակարարման ոլորտն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովն արդեն ստացել է պետական գերատեսչություններին ուղարկած հարցաշարերի պատասխանները: Ինչպես տեղեկացրին «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները, հիմա հանձնաժողովի անդամները զբաղված են այդ պատասխանները համադրելով, մշակելով ու վերլուծելով: Սակայն հարկ է նկատել, որ այս հանձնաժողովի նախկին նախագահ Դավիթ Հարությունյանի՝ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար նշանակվելուց հետո հանձնաժողովն, ըստ էության, մատնվել է ինքնահոսի: