ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը նախօրեին կուսակցության քաղխորհրդի նիստում մի քանի կտրուկ հայտարարություն է արել՝ հստակեցնելով կուսակցության դիրքորոշումը: Սա ուշագրավ է հատկապես ԱԺ նախագահի ընտրությունների պատճառով առաջացած աղմուկից հետո, երբ ԲՀԿ-ականները, ի տարբերություն «հրաշալի քառյակ»-ի գործընկեր կուսակցությունների, ոչ միայն մասնակցել, այլեւ ավելին` կողմ էին քվեարկել Գալուստ Սահակյանի թեկնածությանը:
«Ժողովուրդ»-ի աղբյուրների վկայությամբ, նիստի սկզբում Գագիկ Ծառուկյանը հերթով հարցրել է քաղխորհրդի անդամների կարծիքը կուսակցության հետագա անելիքների՝ մասնավորապես կառավարության ծրագիրը ԱԺ ներկայացնելու ժամանակ ԲՀԿ խորհրդարանական խմբակցության պահվածքի վերաբերյալ: Բնականաբար, կուսակցության գործարար թեւը խոսել է հօգուտ կառավարության: Միայն թե, այս անգամ գործարարները պնդել են ոչ թե «կողմ» քվեարկելու, այլ` գոնե «ձեռնպահ» քվեարկելու օգտին, որպեսզի մի կողմից՝ ՀՀԿ-ին օգնեն քվորում ապահովելու հարցում ու չնեղացնեն անձամբ Հովիկ Աբրահամյանին, իսկ մյուս կողմից էլ՝ ժողովրդին ցույց տան, թե իրենք իշխանությունների հետ չեն: ԲՀԿ քաղաքական թեւը, սակայն, պնդել է հակառակը՝ ԲՀԿ-ն դահլիճում լինելով հանդերձ, պետք է բոյկոտի կառավարության ծրագրի քվեարկությունը: Ասել է թե՝ ԲՀԿ քաղաքական թեւը կողմնակից է եղել ավելի կտրուկ քայլերի: Նշենք, որ կառավարության ծրագիրը բոյկոտելու տարբերակը քննարկվում է նաեւ «հրաշալի քառյակ»-ի մյուս կուսակցություններում եւս, եւ հիմա քառյակի ներսում ակտիվ քննարկումներ են ընթանում, որ բոլոր հինգ խմբակցությունները բոյկոտի միջոցով տապալեն կառավարության ծրագրի ընդունումը:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանը կուսակցության երկու «թեւերի» կարծիքը լսելուց հետո ասել է, թե վերջնական որոշում կկայացնեն կառավարության ծրագիրը տեսնելուց հետո: Բայց նաեւ նշել է, որ թեեւ Հովիկ Աբրահամյանը «մեր հարազատն է», բայց ԲՀԿ-ն ունի իր սեփական մոտեցումներն ու պիտի ինքնուրույն լինի: Գագիկ Ծառուկյանը նաեւ խոսել է առաջիկա զարգացումների եւ ընտրությունների մասին: Նա կուսակցության անդամներին վստահեցրել է, որ ինքը մասնակցելու է համապետական երկու ընտրություններին: Ընդ որում, Ծառուկյանն ասել է, թե նախագահական ընտրություններին ինքը մտադիր է այս անգամ անպայման առաջադրվել, իսկ ինչ վերաբերում է խորհրդարանական ընտրություններին, ապա հավանական է, որ «հրաշալի քառյակ»-ը մասնակցի միասնական ցուցակով: Ինչպես պնդում են մեր աղբյուրները, Ծառուկյանն իր խոսքում չի մասնավորեցրել՝ համապետական ընտրությունների մասին խոսելիս ինքը նկատի ունի արտահերթ, թե հերթական ընտրությունները: «Կարող եմ ասել՝ այս ընտրությունները՝ դա կլինի խորհրդարանական, թե նախագահական, որ ասեմ, թե այս անգամ հաղթանակը շրջանցելու է Մելիք-Ադամյան փողոցը»,-ասել է նա: Ծառուկյանի այս արտահայտությունը շեշտադրվեց նաեւ երեկ ԲՀԿ-ի տարածած հաղորդագրության մեջ: Ավելին՝ ԲՀԿ-ի հաղորդագրությունից նաեւ տեղեկանում ենք, որ Ծառուկյանը կուսակցության անդամներին վստահեցրել է, որ իրենց մոտեցումներում ոչինչ չի փոխվել: «Մենք, մեր սկզբունքները, մեր մոտեցումները, ես անձամբ՝ ոչ մի բան չի փոխվել: Ինչ որ ասել ենք ԲՀԿ համագումարում՝ կետ առ կետ պահել եմ, ու դա մինչեւ վերջ ես պահելու եմ, պահպանելու եմ՝ իմ արժանապատվության խնդիրն է, ես ոչ մի բանի հետ չեմ փոխելու»,- ասել է նա՝ բացառելով որեւէ զիջում կամ հետքայլ:
Գագիկ Ծառուկյանի այս քայլը, թերեւս, պատահական չէր. իր այս ելույթով նա փորձել է շտկել ԱԺ նախագահի ընտրություններից հետո ստեղծված իրավիճակը: Ակնհայտ է, որ Գալուստ Սահակյանի ընտրություններին ԲՀԿ-ականների մասնակցությունն ու՝ «կողմ» քվեարկելը մեծ հարված էր ԲՀԿ-ի հեղինակությանը, քանի որ «հրաշալի քառյակ»-ի անդամներից միայն նրանք գնացին այդ քայլին ու գործեցին հօգուտ իշխանությունների: Ու հիմա իր այս ելույթով Ծառուկյանը փորձել է կոնկրետություն մտցնել կուսակցության դիրքորոշումների մեջ, հստակ հայտարարելով, որ իրենք իրենց խոսքի տերն են, ասել է թե՝ «հրաշալի քառյակ»-ի մեջ են: Մնում է՝ այսքանից հետո ԲՀԿ-ականները Ծառուկյանի գլխավորությամբ կոնկրետ գործողություններով ապացուցեն, որ իրենք հավատարիմ են իրենց հռչակած սկզբունքներին ու քառյակի գործընկերներին, արագացնեն միասնական հանրահավաք հրավիրելու հարցը, այլ ոչ թե նպաստեն իշխանությունների նախաձեռնություններին, իսկ հետո հայտարարեն բոլորովին այլ բան՝ համոզելով, թե իրենք ժողովրդի կողքին են:
Հ.Գ.Panorama.am-ի հետ զրույցում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, անդրադառնալով ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի երեկ արած հայտարարությանը, որ առաջիկա համապետական ընտրություններում հաղթանակն այլեւս շրջանցելու է Մելիք-Ադամյան փողոցը, պատասխանել է. «Անկեղծ ասած`դժվար է պատկերացնել, թե պարոն Ծառուկյանի հայտարարությունը ուղղակի հոխորտանք էր ՀՀԿ-ի հասցեին: Դժվար եմ դա պատկերացնում, հատկապես որ յուրաքանչյուր քաղաքական ուժի խնդիրը ոչ թե այլոց քարկոծելն է, այլ սեփական ծրագրերով ու գործունեությամբ քաղաքական դերակատարման ավելացումը: Առավել հավանական եմ համարում, որ պարոն Ծառուկյանը հակադարձել է ՀՀԿ խոսնակի` օրեր առաջ արված հայտարարությանը: Եթե դա այդպես է, ապա ցավով պետք է արձանագրեմ, որ այդ հայտարարության իմաստը սխալ է ընկալվել. այն որեւէ այլ կուսակցության դեմ, հատկապես ԲՀԿ-ի դեմ, որեւէ երանգ չի պարունակել եւ վերաբերել է Հանրապետական կուսակցության ինստիտուցիոնալ դերակատարությանը»:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ
ԱՐՏԱԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ