«Արդյունավետ աշխատանքը սկսվում է հայրենիքի նկատմամբ սիրուց»:
Միհրան Պողոսյան 1in.am
Եթե հավատանք ԴԱՀԿ ծառայության պետի ասածներին, ապա կստացվի, որ ՀՀ իշխանական բոլոր պաշտոնյաները շատ հայրենասեր են, քանի որ նաեւ «արդյունավետ» են աշխատում: Ուղղակի տարօրինակ է, մեր այդքան հայրենասեր պաշտոնյաների մեծ մասը չի ծառայել հայոց բանակում, եւ նրանց չի մտահոգում այն, որ իրենց հայրենիքը օրեցօր դատարկվում է: Ու երեւի նրանց արդյունավետ աշխատանքի արդյունքում է, որ երկրի տնտեսությունը հայտնվել է ողորմելի վիճակում, որ գնալով աճում են աղքատության ծավալները: Եվ երեւի նույն հայրենասիրությունից դրդված` Մ. Պողոսյանի քեռին մայրաքաղաքը զարդարեց կարմիր գծերով:
«Ես հրաժարականի դիմում չեմ գրել»:
Կովալենկո Շահգալդյան armlur.am
Նախկին վարչապետ Տ. Սարգսյանն էլ կարծես թե հրաժարականի դիմում չէր գրել, սակայն պաշտոնանկ արվեց, հետո էլ նույնիսկ պարզվեց, թե իբր մեկ ամիս դրանից առաջ հրաժարականի դիմում էր ներկայացրել: Իհարկե, գիտենք, թե մեր երկրում ինչպես են կատարվում նման բաները եւ ինչպես են փոխում պաշտոնյաներին: Ու եթե նույնիսկ երկրի նախկին վարչապետը զոհ գնաց այդ «ավանդույթին», ապա ինչպես պետք է Կոտայքի մարզպետը դիմակայի դրան: Ավելի հավանական է, որ Կ. Շահգալդյանը շուտով դառնա Կոտայքի նախկին մարզպետ եւ նույնիսկ պարզվի, որ նրա հրաժարականի դիմումն էլ վաղուց էր գրված, ուղղակի Շահգալդյանը տեղյակ չի եղել այդ մասին:
«ՀՀԿ-ն նաեւ ամենապատասխանատու կուսակցությունն է… Ես տեղյակ չեմ, որ կառավարության անդամները հարուստ են: Հետո` հարուստ մարդ լինել` նշանակում է հոգեւոր առումով հարուստ լինել»:
Մկրտիչ Մինասյան Yerkir.am
Հետաքրքիր է, իսկ ՀՀԿ-ի ամենածեր պատգամավորը, երկար տարիներ լինելով այդ կուսակցության շարքերում, ինքն անձամբ գոնե մեկ անգամ իրեն պատասխանատու զգացե՞լ է իր ժողովրդի վիճակի համար: Եթե զգար, վաղուց արդեն դուրս եկած կլիներ այդ կուսակցության շարքերից, կամ էլ գոնե իր հարուստ կուսակիցներին բազմաթիվ անգամներ հորդորած կլիներ հրաժարվել իշխանությունից: Ընդ որում, իր կուսակիցները հարուստ են հենց նյութապես, իսկ նրանց հոգեւոր հարստությունը լավագույն դեպքում արտահայտվում է անհեթեթ արտահայտություններ անելու կամ լկտի ու ցինիկ պահվածք ցուցաբերելու մեջ:
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ