Նորություն՝ ԱՄՆ-ի մուտքի վիզա տրամադրելու կարգի վերաբերյալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանում ԱՄՆ դեսպանատնից հայտնում են, որ այս պահից սկսած Հայաստանում  վերացվում է ԱՄՆ մուտքի ոչ ներգաղթային արտոնագրերի (վիզաների) տրամադրման համար հարցազրույց անցնելու պարտադիր պահանջը մինչև 10 տարեկան երեխաների ու 79 տարեկանից բարձր անձանց համար, ինչպես նաև արտոնագիրը երկարաձգելու որոշ դեպքերում:

Հարցազրույցի պահանջի վերացմամբ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փորձում է տարեց քաղաքացիների, երեխաների հետ ճանապարհորդող ընտանիքների ու հաճախակի ճանապարհորդողների համար առավել արագ ու պարզ դարձնել մուտքի արտոնագրի ստացման գործընթացը:

Այս մասին հայտարարելիս հյուպատոս Ջորջ Լինն ասաց. «Հարցազրույցի պահանջի վերացումը կհանգեցնի Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև մշակութային, կրթական, առևտրային շփումների ավելացմանը, առավել կամրապնդի մեր ժողովուրդների միջև կապերը: Այս նոր մոտեցումը կդյուրացնի օրինական ուղևորությունները դեպի Միացյալ Նահանգներ՝ միաժամանակ ապահովելով մուտքի արտոնագրերի գործընթացի թափանցիկությունն ու ազգային անվտանգության երաշխիքները»:

Հյուպատոսական պաշտոնյաները դեռևս կարող են իրենց հայեցողությամբ հարցազրույցի հրավիրել դիմողներին, նույնիսկ եթե նրանք հիշյալ խմբերին են պատկանում: Բացի այդ, նախատեսվում է նշված խմբերից, երբեմն, պատահական ընտրությամբ որոշ մարդկանց հրավիրել հարցազրույցի:

Հարցազրույցի պահանջի վերացման, առցանց դիմում ներկայացնելու վերաբերյալ մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել https://usvisa-info.com/ էջը, որտեղից անցում կատարելով Հայաստանի ենթաէջին՝ “Personal Appearance Waiver” (Անձամբ ներկայանալու պահանջից հրաժարում) կամ “Visa Renewal” (Վիզայի նորացում) բաժիններում կգտնեք անհրաժեշտ բոլոր մանրամասները:

Սա վերաբերում է այն դիմողներին, ովքեր նորացնում են իրենց մուտքի  վիզան և բավարարում են հետևյալ ԲՈԼՈՐ պահանջներին.

– Դուք դիմում եք նույն դասակարգման վիզայի համար (ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ։ Միայն B1/B2, D, F, I, J, M, O, և Q կատեգորիաների համար դիմողները, F կատեգորիայի համար դիմողներին չի վերաբերում, եթե նրանք փոխում են և ծրագիրը, և կրթական հաստատությունը: J կատեգորիայի համար դիմողներին չի վերաբերում, եթե փոխել են իրենց SEVIS-ի նույնացման համարը), և

– Կենսագրական տվյալները չեն փոխվել (անուն-ազգանուն, ծննդավայր և ծննդյան ամսաթիվ-տարեթիվ), և

– Նախորդ վիզան ունեցել է վիզայի տվյալ դասի համար առկա վավերության լրիվ ժամկետը (սովորաբար բազմակի մուտքի, 12-ամսյա վավերություն) և

-Նախորդ վիզան ներկայում վավեր է կամ ժամկետը լրացել է վերջին 12 ամսվա ընթացքում: 




Լրահոս