Նախօրեին Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Գեղարքունիքի մարզպետ, ԲՀԿ-ական Նվեր Պողոսյանի ներկայացրած հայցի քննությունն ընդդեմ «Ժողովուրդ» օրաթերթի: Քանի որ «Ժողովուրդ»-ն էլ իր հերթին էր հակընդդեմ հայցով դիմել դատարան, ուստի անհրաժեշտ էր, որ դատավոր Արթուր Թամրազյանը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 22 հոդվածի կանոններով, նշանակեր նախնական դատական նիստ: Սակայն դատավորը խախտել էր օրենքը, ինչի պատճառով «Ժողովուրդ»-ի ներկայացուցիչ Հակոբ Ճարոյանն ինքնաբացարկ էր ներկայացրել դատավորին:
Հիշեցնենք, որ հուվարի 17-ի դատավարության ժամանակ Հակոբ Ճարոյանը միջնորդել էր, որ դատավորն անցկացնի նախնական դատական նիստ, քանի որ ներկայացվել է հակընդդեմ հայց եւ ապացուցման խնդիրներ կան: Սակայն մարզպետի ներկայացուցիչներն առարկել էին: Իսկ գործում որպես երրորդ անձ ներգրավված Աննա Թորոսյանը համաձայնել էր «Ժողովուրդ»-ի ներկայացուցչի հետ: Դատավորի մերժելուց հետո օրաթերթի ներկայացուցիչը միջնորդել էր, որպեսզի իրեն տրամադրեն երեք օր ժամանակ` ինքնաբացարկ ներկայացնելու համար: Այս միջնորդությունը բավարարվել էր:
Ինչպես հայտնի է, «Ժողովուրդ»-ը Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղում գտնվող միջնակարգ դպրոցում անցկացվող պատմության ուսուցչի մրցույթ-քննությունից առաջ զրուցել էր թեկնածուներից Աննա Թորոսյանի հետ եւ հրապարակել նրա խոսքը: Վերջինս դպրոցի նախկին եւ ԺՊ տնօրենների ներկայությամբ հայտարարել էր, որ «վերեւներում» արդեն ամեն ինչ որոշված է, քանի որ իր մրցակից Արթուր Մխիթարյանը 3000 դոլար կաշառք է տվել մարզպետին վերջինիս վարորդի միջոցով:
Այս փաստին մեզ հետ հեռախոսազրույցում «դա հերյուրանք է» ձեւակերպմամբ պատասխանելուց հետո Գեղարքունիքի մարզպետը «Ժողովուրդ»-ի դեմ դատական հայց է ներկայացրել` պահանջելով 2,5 մլն դրամ` իր պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու դիմաց:
Իր հերթին «Ժողովուրդ» օրաթերթն էլ հակընդդեմ հայցով մարզպետից հրապարակային ներողություն է պահանջում եւ սիմվոլիկ մեկ լումայի փոխհատուցում:
Եւ այսպես, հունվարի 19-ին շարունակվեց երկու հայցերի մասով սկսված դատավարությունը, որի ընթացքում «Ժողովուրդ»-ի ներկայացուցիչը դատավորին ինքնաբացարկ հայտնեց: Վերջինս, սակայն, մեկ ժամ ընդմիջում վերցնելուց հետո մերժեց ինքնաբացարկը: Հակոբ Ճարոյանն ինքնաբացարկի մերժումից հետո դատարանին ներկայացրեց երեք գրություն, որոնք «Ժողովուրդ»-ը հասցեագրել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին եւ մարզպետ Նվեր Պողոսյանին, ապա միջնորդեց, որպեսզի դրանք եւս որպես ապացույց կցվեն գործին: Ճարոյանը միջնորդություն ներկայացրեց նաեւ, որ գործի նյութերին կցվեն 6-րդ վարչությունում նախապատրաստված նյութերը` կապված մարզպետի կաշառք վերցնելու փաստի հետ: Այս միջնորդություններին մարզպետի փաստաբաններն առարկեցին` ասելով, թե իմաստ չունի այդքան փաստաթուղթ կցել գործին, առավել եւս 6րդ վարչությունում մերժված գործի նյութերը: Սակայն Հակոբ Ճարոյանը դատարանի դահլիճում հայտարարեց, որ անհրաժեշտ են այդ փաստաթղթերը, որպեսզի ինքն ապացուցի, որ Գեղարքունիքի մարզպետը կաշառք է վերցրել: Այս ձեւակերպումը խիստ զարմացրեց Պողոսյանի փաստաբաններին: Նրանք տարակուսած արձանագրեցին «Ժողովուրդ»-ի ներկայացուցչի պնդումը: Նշենք, որ գործով 3-րդ անձ ճանաչված Աննա Թորոսյանը դատարանում համաձայնվում է բոլոր այն միջնորդություններին, որոնք անում է Ճարոյանը:
Դատավոր Արթուր Թամրազյանը որոշեց դատավարությունը շարունակել հունվարի 26-ին` ժամը 12:00-ին:
ԴԱՏԱՎՈՐՆ ԻՆՔՆԱԲԱՑԱՐԿԸ ՉԸՆԴՈՒՆԵՑ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ