ՍԻՐԻԱՀԱՅԵՐԻՆ ԴԱՆԱԿԱՀԱՐՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, մինչ երեկ ԱԺ-ում ընդունել էր Սիրիայի հայ ավետարանական համայնքի համայնքապետ, վերապատվելի Հարություն Սելիմյանին եւ Հալեպում ՀՀ նախկին գլխավոր հյուպատոս Կարեն Գրիգորյանին, ու քննարկել սիրիահայերի անվտանգության խնդիրները, մինչ Սփյուռքի «հավերժ» նախարար Հրանուշ Հակոբյանը սփյուռքահայերին դիֆերամբներ է ձոնում, «Ժողովուրդ»-ը պարզեց, որ Հայաստանում սիրիահայերի նկատմամբ հարձակման հերթական դեպքն է արձանագրվել:

Եվ այսպես, հիշեցնենք, որ սիրիահայերի նկատմամբ բռնության առաջին դեպքն արձանագրվեց դեռ 2013թ. դեկտեմբերի 27-ին։ Երեւանում սիրիահայ ընտանիքի անդամների եւ «Մանանդ» տաքսի ծառայության սեփականատեր Քաջիկ Կարապետյանի որդու միջեւ վիճաբանություն էր տեղի ունեցել: Տաքսի ծառայության տիրոջ որդին` Արթուրը, ընկերների հետ միասին դաժան ծեծի էր ենթարկել նույն հասցեում ավտոտեխսպասարկմամբ եւ պահեստամասերի վաճառքով զբաղվող սիրիահայ Արմենակ Բրուտյանին եւ նրա երկու որդիներին: Խնդրի առնչությամբ Բրուտյանները նամակ էին գրել Սփյուռքի նախարարությանը եւ նշել, թե դժգոհ են հայաստանյան պայմաններից, ոստիկանության աշխատանքից: Ինչեւէ, դեպքի առթիվ յոթ հոգու մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի հատկանիշներով՝ դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու համար: Նրանց նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել ստորագրությամբ չհեռանալը:
Այնուհետեւ Արմավիրի մարզում ինչ-որ մարդիկ հարձակվել էին կրկին ավտոմասերի վաճառակետի վրա ու սպառնացել սփյուռքահայ խանութպանին: Կռվի շարժառիթն ընդամենը 15 հազար դրամանոց կողպեքն էր եղել: Այդ հարձակման հետեւանքով Միշել Սարկոյանն ու ընտանիքի անդամներն անասելի վախեցել էին, նրանց երեխան նույնիսկ գիշերները չէր քնում: Այդ ժամանակ կատարվածի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել էր Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ, ով ասել էր, թե ինքը սիրիահայերին առնչվող քրեածին միջադեպերի հետ կապված անմիջապես զանգահարել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, ով էլ գործերը վերցրել է իր հսկողության տակ: Ուշագրավ է հատկապես այն, որ Հրանուշ Հակոբյանն ասել էր, թե կոնֆլիկտներ կարող են լինել բոլորի հետ եւ չի կարելի առանձնացնել` սիրիահայ, թե հայ: Սակայն նկատենք, որ նախարարի փայլուն «բացահայտումը» ոչ մի կապ չունի մեր իրականության հետ, քանզի ակնհայտ է, որ սիրիահայերը գտնվում են առավել խոցելի վիճակում, եւ անգամ ամենաաննշան առիթով, նրանք ենթարկվում են բռնությունների:
Եվ այսպես, հերթական բռնությունը, ինչպես պարզեց «Ժողովուրդ»-ը, տեղի է ունեցել մի քանի օր առաջ Երեւանում: Ազատության պողոտայում բնակվող երկու սիրիահայ երիտասարդներ դաժան ծեծի են ենթարկվել, հետո էլ դանակահարվել: Պարզեցինք, որ դանակահարված սիրիահայի անունը Դավիթ է եղել, ում անմիջապես տեղափոխել են հիվանդանոց:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Դավիթի սիրիահայ ընկերներից մեկը, ում անունը հարգելի պատճառներով չենք հրապարակում, դեպքից որոշ մանրամասներ ներկայացրեց: Ըստ նրա` ինքն ու իր ընկեր Դավիթը, Սիրիայից Հայաստան էին եկել հանգստանալու նպատակով. «Այստեղ ծանոթ, հարազատ մարդիկ չունենք: Ոչ ես, ոչ էլ ընկերս: Չենք աշխատում, ապրում ենք Մանումենտի մոտ: Անգամ քաղաքի փողոցները նորմալ չգիտենք: Դեպքի օրը, սովորականի պես մեզ համար կանգնած ենք եղել ու մեզ վրա են հարձակվել 4 տղաներ: Այդ պահին չհասկացանք, թե ինչ էին ուզում, ոչ գումար, ոչ մի բան չեն վերցրել: Սկսվեց քաշքշուկ, որից հետո այդ 4 տղաները, որոնք մեզ անծանոթ էին, նրանցից մեկը դանակահարեց Դավիթին»,-պատմեց սիրիահայը:
Մեր զրուցակցի խոսքերով` ինքը Դավիթին շտապ հասցրել է հիվանդանոց. «Դե ընկերոջս կյանքին վտանգ չի սպառնում: Բայց այժմ վախենում ենք աղմուկ բարձրացնել, քանի որ ապահով չենք զգում մեզ: Մենք Սիրիայում մուսուլմանների մշտական հարձակումներից հետո ներքին վախ ենք ձեռք բերել եւ հիմա այստեղ, մեր հայրենիքում նման հարձակման ենք ենթարկվում, որքանով վստահ լինենք, որ աղմուկ բարձրացնելուց հետո մեր անվտանգությունն ապահովված կլինի»:
Ու մինչ պատկան մարմինները հեռուստաէկրաններից հանդիսավոր ելույթներ են ունենում ու իրենց բառապաշարի գովաբանական ողջ զինանոցը ուղղում սփյուռքահայերին, նրանց տուն հրավիրում, ապահով հայրենիքի տեսլական քարոզում, իրականում, սակայն, պարզվում է` մեր հայրենակիցները իրենց հայրենիքում գտնվում են ամենախոցելի ու վտանգավոր վիճակում:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս