ԿՈՒՏԱԿԱՅԻՆԻ ԱՌԱՋԻՆ «ԶՈՀԵՐԸ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Արաբկիր-Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ Երեւանի Մետրոպոլիտենի նախկին աշխատակիցների գործով դատական առաջին նիստը: Աշխատակիցների խոսքով՝ իրենք ազատվել են «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի դեմ կազմակերպված բողոքի ակցիային մասնակցելու համար: Սակայն Մետրոպոլիտենի տնօրինությունը պնդում է, որ աշխատակիցներին ազատել է աշխատանքային պարտականությունները պատշաճ չկատարելու համար:

Ըստ գործատուի՝ նրանք խախտել են աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածը, այն է` աշխատողն իր պարտականությունները չի կատարել, կամ ոչ պատշաճ է կատարել: Բնականաբար ազատված աշխատակիցները չեն ընդունել այս հիմնավորումը եւ դիմել են դատարան` որոշումը բեկանելու եւ պարապուրդի ընթացքում չստացած գումարները փոխհատուցելու համար: Ի դեպ, տեղեկացնենք, որ երիտասարդները դեռ աշխատանք չունեն: Նրանք «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հույս հայտնեցին, որ իրենց իրավունքները վերականգնելուց հետո այն հոդվածը, որի հիման վրա ազատվել են աշխատանքից՝ կհանվի եւ կկարողանան հեշտությամբ աշխատանք գտնել:
Այս գործով դատական առաջին նիստին ներկա էին ազատված երեք աշխատակիցներ Անդրանիկ Գեւորգյանը, Գագիկ Գալստյանը եւ Սեւակ Հովհաննիսյանը՝ փաստաբան Քրիստինա Գեւորգյանի հետ, եւ Մետրոպոլիտենի իրավաբանական բաժնի պետ Արտակ Երեմյանը, ով միաժամանակ հանդիսանում է նաեւ պատասխանող կողմի ներկայացուցիչ:
Վերջինս նիստի ընթացքում պնդեց, որ ընկերության նախկին աշխատակիցներն իրենց պարտականությունները պատշաճ չեն կատարել: «Սովորաբար մեքենայի տեխնիկական վիճակի մասին գրանցամատյանում համապատասխան գրառումներ պետք է կատարվեին, որոնք չեն արվել: Ավելին՝ նրանք մի քանի խախտումներ են արել՝ մասնավորապես մեքենախցիկում մարդիկ են եղել, ովքեր ընդհանրապես իրավունք չունեին այնտեղ լինելու»,- հայտարարեց Մետրոպոլիտենի ներկայացուցիչ Արտակ Երեմյանը:
Սակայն Անդրանիկ Գեւորգյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ Մետրոպոլիտենի ներկայացուցիչը ներկայացրել է միայն բանավոր փաստարկներ, իսկ դատավորը նրանցից պահանջել է ներկայացնել գրավոր հիմնավորումներով եւ ապացույցներով:
«Գրանցամատյաններում գրանցումը կա, բացի այդ մեր ձայնը, խոսքերը ձայնագրվում են: Թող դրանք բերեն ներկայացնեն: Տեղադրված ձայնագրման սարքերը մեր բառերը, խոսքերը ձայնագրում են: Եթե ձգման կայանում շարժասանդուղքի տեխնիկական վիճակը չստուգենք, այդ դեպքում ավտոմատ կայանները կանգ կառնեն, ինչի հետեւանքով էլ տույժի կենթարկվի ե՛ւ հերթապահը, ե՛ւ իր վերադասը:
Չնայած այս գործով դատավարությունը շարունակվում է, եւ հերթական դատական նիստը կկայանա մայիսի 31-ին, սակայն ակնհայտ է, որ Մետրոպոլիտենի չինովնիկները հավանաբար «շտապել» են ժամանակից շուտ, ամեն գնով ազատվել իրենց իրավունքների համար պայքարող աշխատակիցներից:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս