Վարչապետ Հովիկ Աբրահամյանի կառավարությունն ամբողջովին ձեւավորված է: Արդեն հաջորդ շաբաթ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ եւ խորհրդարանի հաստատմանը կներկայացվի նոր կառավարության ծրագիրը: Միայն թե, այս նոր կառավարությունը եւս դրական փոփոխությունների հույս չի ներշնչում:
Նույն քաղաքն է, նույն արեւը
Բանն այն է, որ ՀՀ 18 նախարարներից 10-ը պաշտոնավարել են նաեւ Տիգրան Սարգսյանի ժամանակ, ասել է թե՝ ձախողված կառավարության կազմից են ու հավասարապես պատասխանատվություն են կրում վերջին 6 տարիների ընթացքում Հայաստանը սոցիալ-տնտեսական աղետի հասցնելու համար: Իսկ մյուս նախարարները, վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ, կառավարության կազմում հայտնվել են «Լավագույն նորը վաղուց մոռացված հինն է» կարգախոսի տրամաբանությամբ: Բացառությամբ առողջապահության ու սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարների, ովքեր լրիվ նոր դեմքեր են, մյուսները նախկինում տարբեր կառավարությունների կազմում տարբեր պաշտոններ են զբաղեցրել, ու նրանցից շատերի մասին հասարակությունն այնքան էլ դրական հուշեր չի տածում: Ավելին` նախարարներից մի քանիսն իրենց աշխատանքի արդյունքում հասցրել են այնպիսի համբավ ձեռք բերել, որ այս գլխից կարելի է եզրակացնել՝ շուտով կոռուպցիան Հայաստանում նոր թափ ու որակ կստանա: Գագիկ Խաչատրյանը, Երվանդ Զախարյանն ու Հովհաննես Մանուկյանը ժամանակին ղեկավարել են ամենակոռումպացված գերատեսչությունները՝ ՊԵԿ, Երեւանի քաղաքապետարան, Վճռաբեկ դատարան: Էլ չենք ասում քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի մասին, ով Երեւանի նախկին գլխավոր ճարտարապետ եղած ժամանակ, ըստ էության, այլանդակեց մայրաքաղաքի պատմաճարտարապետական տեսքը:
Ու հիմա նման կադրերից որեւէ բարեփոխում ակընկալելը, մեղմ ասած, միամտություն է, եթե չասենք՝ կարճամտություն: Ակնհայտ է, որ անկախ նրանից՝ այս կառավարությունն ինչ ծրագիր կներկայացնի, այդ ամենը մնալու է թղթի վրա գրված՝ որպես բարի ցանկությունների շտեմարան: Ու այս դեպքում խորհրդարանական հինգ խմբակցությունները՝ ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, «Ժառանգություն»-ն ու ՕԵԿ-ը ունեն բոլոր հիմքերը՝ կառավարության ծրագրին առանց վարանելու «դեմ» քվեարկելու կամ քվեարկությունը բոյկոտելու համար:
Սուպերնախարա՞ր, թե՞ գլխավոր-գերագույն գանձապետ
Նոր կառավարությունն, ի դեպ, բավականին ուշագրավ կառուցվածքային փոփոխությունների է ենթարկվել. ինչպես հայտնի է, Սերժ Սարգսյանի հրամանագրով, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն միացվել է ՀՀ ֆինանսների նախարարությանը: Թեեւ այդ հրամանագրից անցել է վեց օր, սակայն Ս.Սարգսյանը մինչեւ հիմա չի մեկնաբանել իր քայլի նպատակը: Առ այսօր որեւէ մեկի կողմից չի տրվել որեւէ հիմնավոր բացատրություն, թե ինչու իրար միացվեցին բոլորովին տարբեր գործառույթներ ունեցող պետական երկու գերատեսչությունները: Նշենք, որ Հայաստանի պատմության մեջ պետական բյուջեն հավաքագրելու գործառույթը միշտ էլ իրականացրել է ՊԵԿ-ը, նախկինում՝ Հարկային պետական ծառայությունը, ավելի վաղ՝ Պետական եկամուտների նախարարությունը: Այդ մարմիններից եւ ոչ մեկը երբեք չի եղել Ֆինանսների նախարարության կազմում:
Այնինչ, հիմա Սերժ Սարգսյանն, ի դեմս Ֆինանսների նախարարության, ստեղծել է մի նոր «սուպերնախարարություն»: Ժամանակին ինքն էր սուպերնախարարի դերում՝ ղեկավարելով Ներքին գործերի եւ ազգային անվտանգության նախարարությունները: Հիմա՝ այլ գործառույթներով, նույն պայմանները ստեղծվել են Գագիկ Խաչատրյանի համար:
Թերեւս Սերժ Սարգսյանն այս քայլին գնացել է կադրային խնդիրներից ելնելով, քանի որ, ինչպես ցույց տվեցին վերջին նշանակումները, իշխանությունն այս դաշտում իրոք լուրջ խնդիրներ ունի. Ս.Սարգսյանը չի գտել ֆինանսների նախարարի հարմար թեկնածու եւ վերջին պահին ստիպված է եղել Գագիկ Խաչատրյանին նշանակել: Բայց քանի որ Գ.Խաչատրյանը Ս.Սարգսյանի համար անփոխարինելի է ՊԵԿ ղեկավարի պաշտոնում, ստիպված է եղել նրան նախարարություն տանել՝ նրա ղեկավարած գերատեսչությամբ հանդերձ: Ըստ իշխանական կուլիսներում շրջանառվող խոսակցությունների՝ Գագիկ Խաչատրյանը Սերժ Սարգսյանի գլխավոր հաշվապահն է. նա քաջատեղյակ է ֆինանսական բոլոր գաղտնիքներին, լավ գիտի, թե գործարարներից ով որքան գումար է վճարում պետական բյուջե, որքան՝ իշխանությունների ստվերային բյուջե: Ասել է թե՝ Ս.Սարգսյանից հետո նա գիտի «սեւ բյուջեի» հավաքագրման նրբությունները: Ու հիմա նման մարդուն ՊԵԿ-ից կտրելը Ս.Սարգսյանի համար այնքան էլ ցանկալի չէ:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ