ՄԱՐԶԱԿԱՆ ԽԱՉՄԵՐՈՒԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՉԻՆԱՍՏԱՆԻ ԵՎՍ ՄԵԿ ՈՒՂԵԳԻՐ

Օգոստոս ամսին Չինաստանի Նանջինգ քաղաքում անցկացվելու են պատանեկան օլիմպիական երկրորդ խաղերը, որոնց մասնակցելու է նաեւ մեր երկրի պատվիրակությունը։ Երկու օր առաջ Չինաստան մեկնող մեր մարզիկների թիվը ինն էր, սակայն այն ավելացավ եւս մեկով։ Տասներորդը լինելու է ծանրորդուհի, ում անունը մարզիչները կհրապարակեն խաղերի նախօրեին:
Ինչպես տեղեկացանք ՀԱՕԿ-ի լրատվական ծառայությունից, Լեհաստանի Չեխանով քաղաքում անցկացված Եվրոպայի պատանեկան առաջնությունում Նանջինգի օլիմպիական խաղերի ուղեգիր էր շնորհվում աղջիկների եւ տղաների չորսական լավագույն թիմերին: Մեր մարզուհիները զբաղեցրեցին երրորդ հորիզոնականը, որի շնորհիվ էլ նվաճեցին սահմանված մեկ ուղեգիր: Ինչ վերաբերում է տղաներին, ապա նրանք թիմային հաշվարկով երկրորդ տեղն զբաղեցրեցին՝ զիջելով միայն Ռուսաստանի պատանիներին։ Բայց քանի որ մեր տղաներն արդեն նախորդ միջազգային մրցաշարում արժանացել էին երկու ուղեգրի, այս անգամ բավարարվեցին մեդալներով, որոնք, իհարկե, պակաս պատվաբեր չեն։
Անհատական պայքարում, մասնավորապես, սպասելիքները գերազանցեց սամաղարցի Սիմոն Մարտիրոսյանը (+ 94 կգ): Մարզիչ Աշոտ Փիլոսյանի աշակերտը 182 կգ արդյունքով պոկում վարժությունում ճանաչվեց հաղթող եւ սահմանեց պատանիների համաշխարհային նոր ռեկորդ: Այնուհետեւ Սիմոնը հրեց 215 կգ եւ երկամարտի 397 կգ արդյունքով իր հաշվին գրանցեց երկրորդ ռեկորդը եւ, իհարկե, նաեւ չեմպիոնի կոչումը: Հայ ծանրամարտիկն արժանացավ նաեւ առաջնության լավագույն մարզիկի համար սահմանված մրցանակին:
Երեւի չկա այնպիսի միջազգային մրցաշար, որի ժամանակ որեւէ գյումրեցի մարզիկ աչքի չընկնի։ Այս անգամ նույնպես չեմպիոն դարձավ գյումրեցի ծանրամարտիկ Մարզպետ Մինասյանը (50 կգ): Նա ոսկե մեդալի արժանացավ երկամարտի 187 կգ արդյունքով (90 + 107): Հավելենք, որ Մարզպետի մարզիչը մոտ անցյալի նշանավոր ծանրորդ Հակոբ Փիլոսյանն է: Պատվանդանի երկրորդ աստիճանին կանգնեց նույնպես գյումրեցի Սամվել Գասպարյանը (85 կգ), բրոնզե մեդալակիր դարձան Լեւոն Մանուկյանը (56 կգ, Երեւան ), Դավիթ Հովհաննիսյանը (69 կգ, Էջմիածնի Բաղրամյան) ու եւս մեկ գյումրեցի՝ Հակոբ Մկրտչյանը (77 կգ):

Ռ. ԹԱԹՈՅԱՆ

 

ԼԱՎ ՄԱՐԴ ԷՐ ՈՒ ԴԱՍՏԻԱՐԱԿ

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան, 85 տարեկան հասակում կյանքից հեռացել է ԽՍՀՄ սպորտի վարպետ, ՀՀ վաստակավոր մարզիչ, ՀՀ ֆիզկուլտուրայի եւ սպորտի վաստակավոր աշխատող Յուրի Արմենակի Բաբայանը։
Նա աշխարհի եւ Եվրոպայի առաջնությունների մի շարք հաղթողների ու մրցանակակիրների, բազմաթիվ միջազգային կարգի սպորտի վարպետների, ապագա քաղաքական-հասարակական գործիչների, արցախյան շարժման եւ պատերազմի մասնակիցների դաստիարակ էր։ Ու նաեւ լավ մարդ, հրաշալի անձնավորություն, գերազանց մանկավարժ, ով օրինակ էր ծառայում հարյուրավորների՝ թե՛ մրցագորգի վրա, թե՛ կյանքում եւ առօրյայում:




Լրահոս