ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՎՏԱՆԳՎԱԾ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շրջանառվող լուրերը, թե Հայաստանում առաջիկայում բացվելու է ֆրանսիական «Կարֆուր»-ի մասնաճյուղը, արդեն սկսել են լրջորեն անհանգստացնել գործարար դաշտին: Գործարարների մի մասը վստահ է, որ ֆրանսիական «Կարֆուր»-ի գործունեության արդյունքում տեղական արտադրությունը պարզապես կմեռնի: Իսկ դրա հետեւանքով Հայաստանում կաճի գործազրկությունը եւ, բնականաբար, նաեւ աղքատությունը:

Հայտնի է, որ «Կարֆուր»-ն իր ցանցում վաճառվող տեսականին ինքն է ներկրում, եւ այդ պատճառով որոշ ապրանքներ ավելի էժան գներով է վաճառում: Նաեւ դա նկատի ունենալով` տեղական արտադրողները մտահոգվում են հնարավոր մրցակցությանը չդիմանալու հեռանկարից:
«Չանախ» կաթնամթերքի արտադրության տնօրեն Ղուկաս Բունիաթյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ տեղական արտադրանքը միշտ էլ թանկ է, որովհետեւ այն դժվարությամբ է ստեղծվում:
«Չնայած մեր հայրենակիցներն, Աստված գիտի, թե ինչու, սիրում են, երբ արտադրանքի արտաքին տեսքը պլպլացրած է կամ էլ` ժամկետը երկարատեւ է, օրինակ` մեկ տարով: Մինչդեռ մեր տեղական արտադրանքի ժամկետը կարճ է, այն թարմ է: Այնուամենայնիվ, ժողովրդից է կախված, մենք ինչ կարող ենք անել: Եթե իրենք նախընտրում են մեկ տարի պիտանելիության ժամկետով, ենթադրենք, յոգուրտ գնել, ապա ես ոչինչ չունեմ ասելու: Բայց որ սրա արդյունքում տեղական արտադրությունը կմեռնի, դա հաստատ է: Դա չպետք է տեղի ունենա, ճիշտ չի լինի»,- մտահոգվեց Բունիաթյանը:
Ինչպե՞ս կարող է երկար ճանապարհ կտրած եւ այլ երկրից ներկրված հացը թարմ լինել: «Գառնու Սուրիկի լավաշ» հացի արտադրության տնօրեն Սուրիկ Հակոբյանը զարմացած է ու միաժամանակ զայրացած, թե ինչպես կարող են հայ սպառողին հրամցնել ոչ թարմ հաց: «Չէ՞ որ հացը թխվելուց մեկ օր անց արդեն կորցնում է իր թարմությունը: Ինչպե՞ս կարող է մեր հայ սպառողը տեղական լավաշը, որը թթխմորով է պատրաստված, փոխարինել ներկրված, Աստված գիտի, թե ինչ նյութերով պատրաստված հացով: Ներկրված հացը չի կարող օրգանական նյութերով լինել, գուցե քիմիական տարրեր կան: Ես կատեգորիկ դեմ եմ, քանի որ համոզված եմ, որ հացը պարզապես չի կարող ներկրվել: Դա անթույլատրելի է»,-ասաց Ս. Հակոբյանը:
Իսկ ահա «Բիո կաթ» կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող ընկերության տնօրեն Գարիկ Սարուխանյանը, հակառակը, ուրախ է, որ «Կարֆուր»-ը Հայաստանում էլ է գործելու: «Մենք պետք է ցույց տանք իրենց, որ տեղական արտադրանքը չի կարող այլ երկրի արտադրանքի որակին զիջել: Նախ` «Կարֆուր»-ի ներկրած կաթնամթերքը կստուգեմ, կտեսնեմ, թե ինչ կարգի է, հետո ցույց կտամ, թե որն է ավելի լավը: Ապացուցելու եմ, որ իրենց արտադրանքը զիջում է իմ արտադրանքին: Ի վերջո, պետք է տեղական արտադրողին լուրջ ընդունե՞լ, թե՞ ոչ»,-փոխանցեց Սարուխանյանը:
Գործարարների մի մասն էլ վստահ է, որ «Կարֆուր»-ը Հայաստանում հաստատվելուց հետո կարող է նաեւ օգտակար լինել: «Մանչո գրուպ» ընկերության տնօրեն Վանիկ Մոսոյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ «Կարֆուր»-ը տեղական արտադրանք է արտահանելու նաեւ իր ցանցի մյուս մասնաճյուղերին:
Իսկ «ՓՄՁ զարգացման կենտրոն» ՀԿ-ի նախագահ Քնարիկ Մալխասյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ պատկան կառույցները նախեւառաջ պետք է սահմանափակեն խոշոր սուպերմարկետների գործունեությունը` անկախ այն բանից դրանք տեղական են, թե, օրինակ, ֆրանսիական:
«Ես դեմ եմ այն երեւույթին, որ խոշոր սուպերմարկետներին տրվում է գործունեության այդքան մեծ հնարավորություն: Ոչ մի տեսակի օրենք չի գործում, որպեսզի սահմանափակեն գոնե սուպերմարկետների շրջանառությունը կամ տարածքի տեսակետով ինչ-որ տեղայնացումը: Նկատած կլինեք, որ մեր քաղաքում կարող է փոքր տարածքում գործել մի քանի սուպերմարկետ, ինչն էլ, բնականաբար, ուղղակի սպանում է փոքր բիզնեսը: Եվ այս առումով ոչ մի հակամենաշնորհային քայլ չի արվում կառավարության կողմից»,- դժգոհեց տիկին Մալխասյանը:
Նա համոզված է, որ ֆրանսիական «Կարֆուր»-ը կարող է մեծ մրցակցություն առաջ բերել հայաստանյան շուկայում, բայց թե որ գործարարի հետ ինչ կլինի, դժվարացավ կանխատեսել: Այնուամենայնիվ` վստահեցրեց, որ «Կարֆուր» հիպերմարկետների ցանցի գործունեության արդյունքում մեծ թվով ՓՄՁ-ներ պարզապես կփակվեն: «Ի վերջո, պետք է չէ՞ ինչ-որ մի օրենք մշակվի խոշոր սուպերմարկետներին սանձելու համար: Ես չեմ կարող ասել, թե ինչ ազդեցություն կունենա «Կարֆուր»-ը սպառողի կամ գործարարի վրա, բայց այն, որ փոքր Հայաստանի համար այդքան մեծ թվով սուպերմարկետների առկայությունն, այն էլ այն դեպքում, երբ արտագաղթը գլուխ է բարձրացրել, անիմաստ է` կասկածից դուրս է:»: ՓՄՁ-ների խնդիրներով մտահոգված մեր զրուցակիցը տեւական ժամանակ է, ինչ ՀՀ կառավարությունից պահանջում է խոշոր սուպերմարկետների գործունեությունը սահմանափակել: Նրա խոսքով՝ մյուս քաղաքակիրթ երկրներում խոշոր չափի սուպերմարկետները գործում են քաղաքից դուրս, իսկ քաղաքների ներսում միջին չափի խանութներն են: Սակայն մայրաքաղաք Երեւանում դրանք խիտ տեղայնացված են, ինչն անթույլատրելի է:
Հ.Գ. Ավելի ուշ «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը մայիսի 12-ին Երեւանում կմասնակցի ֆրանսիական «Կարֆուր» հիպերմարկետի բացմանը: Ֆրանսիայի նախագահի` դիվանագիտական հարցերով հատուկ խորհրդական Փոլ Ժան-Օրթիզի խոսքով` Ֆրանսիայի նախագահի հայաստանյան այցի օրակարգում մի շարք տնտեսական հարցեր կան, եւ նա խնդիր է դրել ավելի խթանել երկու երկրների տնտեսական հարաբերությունները` հաշվի առնելով երկկողմ քաղաքական եւ մարդկային հարաբերությունների բարձր մակարդակը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս