ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ»-Ը ՄԵԿՆԱՐԿԵՑ

Մայիսի 7-ին Երեւանում կմեկնարկի «Միջազգային պատկերասրահ» երաժշտական 10-րդ միջազգային հոբելյանական փառատոնը: Այն կտեւի մինչեւ հունիսի 3-ը: Փառատոնի բացմանը կհնչեն Հենդելի, Վիվալդիի, Մոցարտի, Ռոսինիի ստեղծագործությունները: Այն նախատեսում է 6 երեկո՝ «Փառատոնի բացում», «Հայ-ավստրիական երաժշտական խաչմերուկներ», «Հոգեւոր երաժշտության երեկո», «Վոկալ երաժտության երեկո (նվիրված Ռաֆայել Հակոբյանցի հիշատակին)», «Հայ-հրեական խաչմերուկներ» եւ «Փառատոնի փակում»: Նշենք, որ փառատոնը հիմնադրվել է 2005 թվականին, որի շրջանակներում ներկայացվում են հանրահռչակ երաժշտական կատարումներ՝ հայազգի եւ օտարազգի երաժիշտ-կատարողների մասնակցությամբ:

ՆԱԵՎ ԹՈՒՐՔԵՐԵՆ

Թուրքական Sabah օրաթերթի փոխանցմամբ` առաջիկայում տպագրվելու է հայ աշուղ Սայաթ-Նովայի ստեղծագործությունների ժողովածուն՝ հայերեն եւ թուրքերեն լեզուներով: Նախագիծը ֆինանսավորելու է Թուրքիայի կառավարությունը: Ենթադրվում է, որ գիրքը պատրաստ կլինի եւ գրախանութներում կհայտնվի հունիսին:

ԱԶՆԱՎՈՒՐԸ ՈԳԵՎՈՐՎԱԾ Է

Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում ընթացող «Եվրատեսիլ-2014» երգի մրցույթում Not alone երգով Հայաստանը ներկայացնող Արամ MP3-ին իր սատարումն է հայտնել մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրը՝ գրելով. «Հարգելի Արամ, Դուք պետք է անցնեք եվրատեսիլյան արկածի միջով: Թերեւս ճիշտ ընտրություն է կատարվել, որ Հայաստանը Դուք եք ներկայացնելու: Ես վստահ եմ, որ Հայաստանի ամբողջ բնակչությունից բացի, նաեւ Սփյուռքը հեռուստացույցի առջեւ ոգեւորելու է Ձեզ եւ փոխանցելու է իր ջերմությունը: Հպարտ ենք, որ ունենք Ձեզ պես երիտասարդ, ով այս համաշխարհային միջոցառմանը ներկայացնելու է Հայաստանը: Մաղթում եմ Ձեզ լավագույնը: Ես ու իմ ընտանիքը, փշերի վրա նստած, հույսներս Ձեզ վրա դրած, սպասելու ենք: Դուք պետք է ցույց տաք, որ այն բանից հետո, ինչ մեզ հետ կատարվեց 100 տարի առաջ, մենք նախկինի պես կարող ենք մեր մասնակցությունը ցուցաբերել միջազգային արենայում»:

ՀԵՖԵՐՆԸ՝ ՆՈՒՅՆՊԵՍ

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը նույնպես հաջողություն է մաղթել Արամ MP3-ին: «Հաջողություն եմ մաղթում Արամ MP3-ին»,-գրել է նա Twitter-ի իր միկրոբլոգում:




Լրահոս