Ստեղ բազար չի, արա՛. Փաշինյանը` Շմայսին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Ազգային ժողովում սենսացիոն ելույթ ունեցավ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ում ելույթը դժգոհություն առաջացրեց նաև իշխանական պատգամավորների շրջանում: Նա նախ նշեց, որ դեռ 2011թ. նոյեմբերի 9-ին Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ գործարարությունը պետք է  հետևողականորեն տարանջատվի կառավարման համակարգից:

«Ու հիմա այս հայտարարությունւց ընդամենը 2 տարի անց ձևավորվում է կառավարություն, որի անդամներից առնվազն հինգը կարող են հավակնել Հայաստանի քսան ամենահարուստ մարդկանց ցուցակում, իսկ Գագիկ Խաչատրյանն ու Հովիկ Աբրահամյանն առաջին եռյակում են», – նշեց նա:

Փաշինյանը ընդգծեց, որ Հովիկ Աբրահամյանն անկախության տարիներին միշտ պետական պաշտոններ է զբաղեցրել և դարձել է խոշոր սեփականատերերից մեկը` հազարավոր հեկտարներով հողեր, գազալցակայաններ, բենզալցակայաններ, առանձնատներ:

«Իսկ փոքր կենտրոնում, որտեղ կանգնում ես, ասում են՝ էս շենքում Հովիկ Աբրահամյանը երկու հարկ ունի: Դավիթ Հարությունյանն էլ էնքան անշարժ գույք ա հայտարարգրել, որ թվում է, թե նա ոչ թե պետական պաշտոններ է զբաղեցրել, այլ անշարժ գույքի գործակալ է եղել: Գագիկ Խաչատրյանն, ընդհանրապես անհասկանալի է, թե ինչով է զբաղված, ինչ խոսում ես` ասում են Գագիկ խաչատրյանինն ա», – հավելեց նա:

Անդրադառնալով Հովիկ Աբրահամյանի այն դիտարկմանը, թե հող է մշակել, նա նշեց.

«Բա Հովիկ Աբրահամյանն ասում ա՝ հող եմ մշակել, բա գյուղացիների վիճակը խի՞ ա սենց, ընկել են տոկոսի տակ, բայց որ խոսում եք` դուք ձեր մասին եք խոսում:  Ու էս ֆոնին Հովիկ Աբրահամյանն ինձ ասում է՝ դուք ընտանիք չեք կարողանում պահել: Այո, չենք կարողանում, դուք մոռացաք ասել, որ 3 տարի երբ ես բանտարկված եմ եղել` իմ ընտանիքն է ինձ պահել:  Բա ընտանիք պահողը դուք եք, իհարկե, դուք եք: Այ մարդ, պետք ա ձեր նման ընտանիք պահի: Գագիկ Խաչատրյանի նման մարդ պետք ա ընտանիք պահի, որ ասում ես՝ էս ընկերությունը քոնն ա, ասում ա՝ չէ, հորողբորս տղունն ա: Այսինքն` ամբողջ երկիրը ձե՞րն ա: Ձեր պահած ընտանիքների ֆոնին ա, որ մեր  երկրում շատ ընտանիքներ հացին կակա են ասում», – հայտարարեց նա:

Նրա ելույթի ընթացքում պատգամավոր Առաքել Մովսիսյանը ինչ-որ ռեպլիկներ էր բաց թսղում, որը զայրացրեց Փաշինյանին և նա հայտարարեց. «Մի հատ կարգի հրավիրե՛ք, ստեղ բազար չի, արա՛»,-ինչին էլ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Հիմա ո՞ւմ կարգի հրավիրեմ, պարո՛ն Փաշինյան, ձե՞զ, թե՞ պատգամավորներին»:

 




Լրահոս