ՍԱՄՎԵԼ ՄԱՐԴԱՆՅԱՆԻՆ ԿԾԱՓԱՀԱՐԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այո՛, Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Սամվել Մարդանյանին… կծափահարեն: Բայց ոչ թե դատարանում` արդար վճիռներ կայացնելու եւ օրինականությունը հարգելու համար, այլ ՀՀ պաշտպանության նախարարությունում եւ դատախազությունում, որոնց հանձնարարություններով է նա դատական նիստեր վարում` ցույց տալով իր խեղճուկրակ կախվածությունը դատախազությունից:
Բերդ քաղաքում ծնված 51-ամյա այս մարդը, ինչպես երեւում է նրա կենսագրությունից, իրավապահ դառնալու մասին որոշումը կայացրել է ոչ թե վաղ դպրոցական տարիներին, այլ միայն այն բանից հետո, երբ 1982 թվականին ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի պլանա-տնտեսագիտական ֆակուլտետը, ծառայել խորհրդային բանակում: 1984թ-ին բախել է Շամշադինի ՆԳՆ շրջանային բաժնի դուռն ու աշխատանքի անցել որպես ուղղիչ աշխատանքների եւ աշխատանքի տեղավորման բաժնի տեսուչ: Թե ինչու խորհրդային տարիներին «էլիտար» համարվող բուհի շրջանավարտը չի կամեցել իր մասնագիտությամբ աշխատել, հայտնի չէ: Միայն կարելի է եզրակացնել, որ մարդը մաթեմատիկայից թույլ է եղել…
 Երկու տարի տեսուչի պարտականությունները կատարելուց հետո հանկարծ նշանակվել է նույն բաժնի օպեր-լիազորի պաշտոնում: Սա մի քիչ անհավանական նշանակում էր, որովհետեւ օպեր-լիազոր լինելու համար միլիցիայի կամ իրավաբանի կրթությունը պարտադիր էր: Ուրեմն ինչ-որ կարեւոր հովանավոր է ունեցել: Աշխատելուն զուգընթաց` 1990-1994 թվականներին, սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի հեռակա բաժնում: 1992-1996 թվականները բաց են նրա կենսագրության մեջ. որտեղ է եղել, ինչով է զբաղվել` նշված չէ: Ոմանք ասում են, թե այս շրջանում բիզնեսով է զբաղվել, մի մասն էլ պնդում է, թե գտնվել է Ռուսաստանում: Ինչեւէ: Որտեղ էլ եղած լինի, հավանաբար վատ գումարներ չի վաստակել, որ 1996-ին նշանակվել է նախկին Կրասնոսելսկի շրջանի ժողդատարանի դատավոր: 1999-2000 թվականներին էլ եղել է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր եւ նշանակվել Արդարադատության խորհրդի անդամ:  
Տեսնելով, որ մայրաքաղաքից հեռու այնքան էլ լավ չէ դատավորների վիճակը` կարողացել է «լեզու գտնել» արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի հետ ու հայտնվել Երեւան քաղաքի Աջափնյակ եւ Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանում` դատավորի պաշտոնում: Ընդամենը երեք տարի մայրաքաղաքում մնալուց հետո 2004-ին վերադարձել է հայրենի եզերքներ ու նշանակվել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ: Այս նշանակումը բնավ էլ պատահական չէր, որովհետեւ այս մարզում մեծ թիվ են կազմում զորամասերը, քիչ չեն զինվորական հանցագործությունները, ուստի իշխանություններին անհրաժեշտ էր մեկը, ով կարողանար կատարել իրենց հանձնարարությունները, պարտակել բանակում տեղի ունեցող որոշ հանցագործությունների իսկական կատարողներին:
Սամվել Մարդանյանի «առաջին քննությունը» Վանո Սիրադեղյանի ավագ եղբոր դատավարությունն էր, որտեղ նա ապացուցեց, որ ինքն այնքան էլ հեռու չէր գնացել չստացված տնտեսագետից ու օպեր-լիազորից: Վանո Սիրադեղյանի 73-ամյա եղբոր տանից «գտել» էին ՏՈԶ տիպի հրացան, իսկ նրա հարեւան Յուրա Մամյանի տանից էլ` այդ հրացանի փամփուշտները: Ցանկացած փորձաքննություն կարող էր ապացուցել, որ այդ զենք կոչվածը մի հնոտի էր, որը կարելի էր միայն մանկական խաղերի ժամանակ օգտագործել, սակայն Սամվել Մարդանյանը կայացրեց դատավարական գործընթացների պատմության մեջ առանձնացող անհեթեթ դատավճիռ` Սերյոժա Սիրադեղյանին դատապարտելով մեկուկես տարվա պայմանական, իսկ Յուրա Մամյանին` երկու տարվա ազատազրկման: ՀՀ քրեական օրենսգրքի 352 հոդվածի ներքոհիշյալ հատկանիշները համահունչ էին Սամվել Մարդանյանի գործողություններին. «Դատավորի կողմից շահադիտական կամ անձնական այլ դրդումներով ակնհայտ անարդար դատավճիռ, վճիռ կամ դատական այլ ակտ կայացնելը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը հինգ տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով»: Սակայն ո՞վ էր դատելու Սամվել Մարդանյանին, եթե նա կատարում էր «դատողների» հանձնարարությունները:
 2008-ին Հայ ազգային կոնգրեսը հրապարակեց «Խիղճները կորցրած դատավորների» ցուցակը, որի «պատվավոր» հորիզոնականում էր հայտնվել Սամվել Մարդանյանը:
Այս դատավորը շատ ավելի նշանավոր դարձավ բանակում սպանված լեյտենանտ Արտակ Նազարյանի գործով դատալսումների ժամանակ, երբ անարգելով սպանված զինվորականի հիշատակը` անցավ բացահայտ խեղկատակությունների` ակնհայտորեն պաշտպանելով մեղադրող կողմին, հուշելով ամբաստանյալներին, մերժելով բոլոր ինքնաբացարկները, առաջարկություններն ու պահանջները: Արդեն դատարանում փլուզվեց մեղադրանքը, պարզ դարձավ, որ մեղադրյալի աթոռին հայտնվել են միանգամայն անմեղ մարդիկ, ում ծեծել են, ստիպել կեղծ ցուցմունքներ տալ: Դատավոր Մարդանյանը, ըստ էության, դարձավ մեղադրող կողմի ներկայացուցիչներից մեկը:
Մի քանի օր առաջ դատարանում նրա հասցեին դաժան անեծքներ հնչեցին, սակայն նա անվրդով  որոշում կայացրեց` նիստերը տեղափոխել Տավուշ` այսպիսով դրանք զրկելով հրապարակայնությունից եւ  նյութական վնաս հասցնելով տուժողի իրավահաջորդներին, ովքեր, բնականաբար, չեն կարողանալու ֆինանսական մեծ միջոցներ տրամադրել դատական նիստերին մասնակցելու համար: Երեւի իր ունեցած ֆինանսական հնարավորություններով է դատավորը չափում մյուսներին, քանի որ բացի իր գերբարձր աշխատավարձից, նաեւ անձնական բիզնես ունի, որի մասին Տավուշի մարզում շատերն են խոսում:

ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ




Լրահոս