Բռունցք եք պարզում մեր դեմ, բռունցք էլ կստանաք. Շարմազանովը` ընդդիմադիրներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մենք հավաքվել ենք, որպեսզի քննարկենք մեր հասարակության համար շատ կարևոր ծրագիր՝ Կառավարության ծրագիրը, որից կախված է մեր հասարակության, մեր երեխաների, մեր ընտանիքների ապագան, բայց չենք հավաքվել այստեղ զազրախոսելու»,-այս մասին իր արտահերթ ելույթում նշեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Նրա խոսքով՝ բոլորը պետք է գիտակցեն, որ ԱԺ-ն ՀՀ-ի գլխավոր քաղաքական ամբիոնն է, և պատգամավորների ու գործադիրի նպատակն իրար վիրավորելը չպիտի լինի:

«Եթե մեր նպատակն իրար վիրավորելն է, ապա դա որևէ տեղ չտանող ճանապարհ է: Եթե մեր նպատակը ավելի բարձր հայհոյանքներ տալն է, ապա դա խոսում է «պլինտուզից» ցածր մակարդակի մասին նրանց, ովքեր դրա մասին էին խոսում: Լավ, ինչքա՞ն կարելի է նույն բանն ասել: Եթե ձեզ թվում է՝ նույն անհեթեթությունը 20 անգամ կրկնելուց հետո ձեր ժողովրդականությունն ու հարգանքը ավելանալու են, չարաչար սխալվում եք: Ժողովուրդը մեզնից սպասում է կոնկրետ գործ»,-ընդգծեց Շարմազանովը:

Նրա խոսքով` բարձր բառերով ժողովրդի մատից փուշ չեն հանում, և այսօր պետք է քննարկել քաղաքական շեշտադրումներով ծրագրի առաջնահերթությունները: Նա ողջունեց այն ընդդիմադիրներին, ովքեր այստեղ կառուցողական առաջարկներ են արել ու նկատել են նոր Կառավարության արձանագրած հաջողությունները:

«Բայց մենք այստեղ չենք հավաքվել իրար վարկաբեկելու: Դուք պետք է գիտակցեք, որ ապակե տան մեջ ապրողը չպետք է մեր վրա քար նետի, եթե բռունցք եք պարզում մեր դեմ, ախր բռունցք էլ պետք է ստանաք»,-շեշտեց ԱԺ փոխնախագահը:

Նա նշեց, որ այս Կառավարության ծրագիրն իրատեսական է, և անդրադարձ կա բոլոր ոլորոտներին:

«Ես սպասում էի, որ այստեղ ընդդիմության իմ գործընկերները կներկայացնեն կոնկրետ առաջարկներ, բայց մի մասն ասում է՝ ինչ ուզում եք, արեք, մենք ձեզ հետ չենք համագործակցելու, մյուս մասն էլ Գյուլնազ տատի հեքիաթներ է պատմում, է մի՛ համագործակցեք, մե՞զ եք վատություն անում, թե՞ ժողովրդին, ձե՞զ եք վատություն անում»,-հայտարարեց նա:




Լրահոս