Միասին մի հատ սելֆի արե՛ք. Աշոտյանը` ընդդիմադիրներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ինչպես ասում են՝ կառավարությունն էլ փոխվեց, բայց որոշ մարդկանց մոտ ոչինչ չփոխվեց,»,- այսօր Ազգային ժողովում ընդդիմադիրներին դիմեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:

 «Կարդացել են կառավարության ծրագիրը. շատերը, սակայն, ցավոք, հասկացել են մի մասը: Այս ֆոնին աչք է ծակում, որ որոշ մարդիկ իրենց դրել են Դելակրուայի Ազատության տեղը, դուրս են եկել բարիկադներ՝ ցույց տալով իրենց ամբողջ հմայքը»,- նշեց նա:

Ըստ Աշոտյանի՝ ակնհայտ է նաև հետևյալը, որ եթե անգամ կառավարության ծրագիրը բաղկացած լիներ Քրիստոսի տասը պատվիրաններից, էլի կլինեին մարդիկ, որոնք այդ տասը պատվիրանների մեջ կգտնեին արտաքին ճնշումներ, կոռուպցիոն ռիսկեր և ալն:

«Հետևաբար, սիրելի՛ գործընկերներ, սա այն է, ինչ մենք վաղուց ասում էինք՝ խնդիրը իրենց համար քաղաքական ուժն է, որի դեմ իրենք պայքարում են, և որին դիտարկում են որպես քաղաքական առումով դասակարգային թշնամի: Հովիկ Աբրահամյանի հետ երկու տարի լավ աշխատում էիք Ազգային ժողովում, այդ ժամանակ ես չեմ հիշում նմանատիպ որևէ ելույթ, պոռթկում ու մեղադրանք: Ի՞նչ է փոխվել: Կամ Գագիկ Խաչատրյանի տեղը նո՞ր իմացաք, նո՞ր հիշեցիք, որ նման մարդ կա կառավարությունում, կամ Դավիթ Հարությունյանին, կամ ինձ, կապ չունի:

 Ինձ որոշ մարդիկ մեղադրում են նրանում, որ սոցցանցերում ավելի ակտիվ եմ: Ցավով եմ ուզում նշել, ոչ մի հեգնանք ասածիս մեջ չկա, իմ ինտերնետային լսարանը արդեն ավելի մեծ է, քան որոշ մարդկանց ընտրազանգվածը: Եթե այդպես շարունակվի, այդ մարդիկ 2017 թվականին լուրջ պրոբլեմ են ունենալու՝ Ազգային ժողով գալու», – նշեց նա` իր խոսքն ուղղելով խմբակցություններին:

«Առաջարկում եմ բոլորով, քանի այս կազմով հավաքվել եք և դեռ խորհրդարանի անդամներ եք, Աստված գիտի, թե էլ երբ կլինեք, հավաքվեք Ազգային ժողովի շենքի դիմացը և միասին մի հատ սելֆի արե՛ք: Գոնե Ազգային ժողովում կատարած ձեր աշխատանքից մի լավ հիշողություն կունենաք»,- դիմեց Արմեն Աշոտյանը:




Լրահոս