ՋՐԱՄԲԱՐՈՒՄ ՃԵՂՔՎԱԾՔ ԿԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս  տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի  Մեծավանի ջրամբարի պատնեշի պատվարին ճեղք կա, որից առաջացել է ջրի արտահոսք: Դեպքի վայր է մեկնել մարզի փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Տեղում պարզվել է, որ ջրահեռացման համակարգի բետոնե կառուցատարում առկա է մոտ 15 սմ տրամագծով ճեղքվածք: Տեղի է ունենում ջրի արտահոսք, որը, ինչպես փրկարարներն են վստահեցնում, իրենից վտանգ չի ներկայացնում: «Ժամանել ենք դեպքի վայր, կատարել ենք զննություն եւ պարզել, որ ջրամբարի համար նախատեսված  բետոնե կոնստրուկցիաներով կառուցված ջրթողի ճեղքվածքներից ջուր է հոսում: Անվտանգության համար իջեցվել է ջրի մակարդակը: Շինարարական աշխատանքներ են տարվել վտանգը վերացնելու ուղղությամբ»,-հավաստիացրել  է Լոռու մարզի փրկարարական վարչության օպերատիվ բաժնի ավագ հրահանգիչ, ՓԾ մայոր Արմեն Բարխուդարյանը: Ջրամբարին ամենամոտ գտնվող Ձյունաշող գյուղի բնակիչներն անհանգստացել են, քանի որ արդեն մի քանի անգամ  տեսնել են  իրենց դաշտերը` ջրամբարի ջրով ծածկված: Գյուղապետի տեղակալ Գարի Գրիգորյանը վստահեցնում է, որ սա առաջին անգամը չէ. «Մի քանի անգամ դուրս է եկել հորդառատ անձրեւների ժամանակ: Եթե էտի տրաքեց, մեր մոտ ցորենի դաշտերին ահավոր վնաս կտա»: Ջրամբարը գտնվում է Լոռու մարզի Տաշիրի տարածաշրջանից 2,5 կմ դեպի հյուսիս-արեւմուտք: Փրկարարներն ասում են, որ ջրամբարի վրա առաջացած ճեղքերն այս պահին ոչ մի վտանգ չեն ներկայացնում, քանի որ ջրի մակարդակը բավականին ցածր է: Գարնանային ձնհալի կամ անձրեւների ժամանակ նոր կարելի է մտահոգվել խնդրով, սակայն բանը դրան չի հասնի: Այսօր քայլեր են արվում ջրի մակարդակի իջեցման ուղղությամբ, որին կհաջորդեն ճեղքերի փակման աշխատանքները:

ՀԵՐՄԻՆԵ ԶԱՐՄԱՆՅԱՆ
Լոռի




Լրահոս