ԴԱՎԻԹ ՄԱՐԴՅԱՆԸ, նույն ինքը` «Դժվար ապրուստ» սերիալի Ստյոպիկը, սովորել է թատերական ինստիտուտի 0 կուրսում, այնուհետեւ ավարտել է Աբել Աբելյանի ստուդիան: Սերիալում հայտնվել է քասթինգի շնորհիվ: Իր իսկ խոսքերով ասած` իրեն ընտրել են զուտ արտաքինի համար: Չնայած Դավիթը 21 տարեկան է, ինքն էլ խոստովանեց, որ շատերն են կարծում, թե 25 տարեկան կլինի:
-Խաղում եք հղփացած տղայի կերպար: Անկե՛ղծ ասեք, նման գծեր ունե՞ք Ստյոպիկի հետ:
-Մենք միանշանակ շատ տարբեր մարդիկ ենք: Ես շատ բաներ չէի անի այնպես, ինչպես ինքն է անում: Միակ նմանությունն այն է, որ ես էլ հիվանդանոցներից ահավոր զզվում եմ, ինչպես Ստյոպիկը: Նույնիսկ նկարահանումների ժամանակ ուզում էի, որ հնարավորինս շուտ վերջանային այդ տեսարանները:
-Դերը ստանձնելուց առաջ չէի՞ք մտածում հասարակության կարծիքի մասին, իսկ եթե լավ չընդունեի՞ն:
-Դերասանի համար կապ չունի, թե ինքն ինչ կերպար է խաղում: Եթե մի օր ինձ ասեն` դու պետք է թուրքի դեր խաղաս, ես կխաղամ, չնայած թուրքերին ատելով ատում եմ: Ես այդ թուրքի կերպարն այնպես կխաղամ, որ մարդիկ, հասարակությունն իրոք զզվեն թուրքերից: Ես շատ հայրենասեր եմ եւ այդ հարցերին ահավոր մեծ նշանակություն եմ տալիս:
-Այսինքն` խաղալով Ստյոպիկի դերը, ուզում եք ցույց տալ հասարակությանը, որ այդպես չի՞ կարելի:
-Այո՛, հենց դա եմ ուզում ցույց տալ, բայց ցավոք սրտի, շատերը հակառակն են հասկանում: Այդ տեսակ տղաներն ավելի սիրված են դառնում: Շատ աղջիկներ կան, որ սիրում են, երբ տղաներն իրենց հետ կոպիտ են վարվում, չոր են: Չնայած ես գիտեմ, թե իմ կերպարին ինչի համար են սիրում:
-Կասե՞ք, մենք էլ իմանանք:
-Աղջիկները կերազեին, որ ինչ-որ մեկն իրենց այդչափ ուժեղ ու հիվանդագին սիրեր: Ստյոպն ահավոր սիրող տղայա, ոնց որ մենք ենք ասում ժարգոնով` «օդնոլյուբա»: Մի բան գիտեմ` պետք չէ աղջկա հետեւից այդքան ընկնել, եթե չի ուզում, չարժի վազել հետեւից: Հայ տղամարդուն հարիր չէ: Որպես Դավիթ` ես Ստոպայի շատ քայլերին դեմ եմ:
-Օրինա՞կ:
-Հենց մեկը` աղջկա վրա ձեռք բարձրացնելը, այն էլ իր սեփական կնոջ: Մեկ էլ` ուր մնաց ես օգտագործեմ «ախչի» բառը կամ ուրիշ անվայել բառեր, նույնիսկ ամենավերջին փողոցայինի հետ ես ինձ թույլ չեմ տա էդ տեսակ խոսել:
-Ստոպիկի նման տղաները շա՞տ են:
-Ստյոպան հենց կերպար է մեր միջավայրից: Ես տարբեր շրջապատների հետ եմ շփվում ու ասեմ, որ բարեբախտաբար, քիչ են այդ տեսակ տղաները: Այդ վատն ամեն տեղ մարդու աչքը ծակում է, ու երբ լավն ենք տեսնում, զարմանում ենք: Հազարի մեջ 3 հոգի վատը կլինի, բայց մենք, չգիտես ինչու, միշտ նկատում ու մատնանշում ենք այդ երեքին, բայց ոչ այն 997-ին:
-Որպես երիտասարդության ներկայացուցիչ` ի՞նչ եք կարծում, այսօրվա երիտասարդությունն ունի՞ ձգտումներ:
-Մարդը չի կարող ձգտումներ չունենալ, հենց մեկը` ես: Ես ընդհանրապես երազանքներ չունեմ, դրանք ինձ մոտ նպատակներ են: Ինչ ցանկացել եմ, ձգտել ու հասել եմ իմ ուզածին:
-Ձեզ ճանաչելիս մարդիկ ինչե՞ր են ասում փողոցում: Ամոթանք չե՞ն տալիս:
-Պատահել է: Հիշեցի մի դեպք: Դեռ նոր էինք սկսել նկարահանումները, եկեղեցի էի գնացել, ի դեպ, ես առաքելական եկեղեցու զավակ եմ, միջնեկ եղբայրս էլ զբաղվում է հոգեւորական գործունեությամբ, ուղղակի հիմա ափսոսում եմ, որ նկարահանումների ու զբաղվածության պատճառով մի քիչ հեռվացել եմ եկեղեցուց ու կիրակի օրը պատարագի գնալու փոխարեն քնում եմ: Պատմությունս կիսատ մնաց, մի տատիկ պատարագի ժամանակ մոտեցավ ինձ ու շատ լուրջ ասաց` հերիք չի՞ այդ աղջկան ծեծես-ջարդես: Ասում եմ` տա՛տ ջան, կինոյա, դա ես չեմ:
-Երիտասարդ տղաները «ռեպլիկներ» թողնո՞ւմ են:
-Եղել են դեպքեր, ունեցել եմ կոնֆլիկտներ… Պարզապես չեմ ուզում ինձ այդպես պահել, որ չմտածեն, թե ես ու կերպարս մեկ ենք:
-Նկարահանումներից բացի, ուրիշ ինչո՞վ եք զբաղվում:
-Ես շատ անհանգիստ երեխա եմ եղել փոքր ժամանակ: Բանակից հետո, երբ շատերն ավելի ներվային ու անհանգիստ են դառնում, ինձ մոտ լրիվ հակառակն է եղել: Ես հիմա շատ հավասարակշռված եմ, չնայած եթե ինձ հունից հանեն, չեմ էլ ուզում ասել, թե ոնց կջղայնանամ: Հանգիստս սիրում եմ անցկացնել բնության գրկում, շատ եմ սիրում Ղարաբաղի բնությունը: Չեք հարցնում, բայց կասեմ` կենդանիներից էլ ձի եմ սիրում: Հանգստի տարբերակ է ինձ համար նաեւ տանը մենակ մնալը կամ սենյակումս նստելը: Սիրում եմ նաեւ լող, 7 տարեկանից պարապում եմ:
-Նշեցիք, որ լիցքաթափվելու տարբերակ է բնության գրկում լինելը, իսկ չար լեզուներից լսել էի, որ հաճախ եք լինում երեւանյան ակումբներում:
-Եղել են դեպքեր, երբ ես տուն չեմ գնացել, բայց դա միայն ֆիլմի նկարահանումների սկզբնական շրջանում էր: Հիմա էդպես չէ, ինձ Աբել Աբելյանի ասած` «զվյոզդը չի տարել»: Ընդհանրապես վեր-վեր չեմ թռչում, բոլորս էլ մահկանացու ենք:
-Լավ, իսկ հոնորարներն ինչպե՞ս եք ծախսում:
-Իմ ծախսերն եմ հոգում ու տանն եմ օգնում: Ուսանողական տարիներից էլ աշխատել եմ, չեմ սիրում պապայի փողերով ապրել:
-Ամուսնացա՞ծ եք:
-Ամուսնացած չեմ, բայց դե ունեմ հավանած աղջիկ: Ամուսնությանս տարիքը չէ, թե չէ հենց վաղն էլ կանեի այդ քայլը:
«ՍՏՅՈՊԻԿՆ ԱՀԱՎՈՐ ՍԻՐՈՂ ՏՂԱՅԱ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ