Երեկ Ազգային ժողովում ներկայացնելով ՀՀ կառավարության ծրագիրը` վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդես է եկել մի շարք ուշագրավ հայտարարություններով, որոնք ավելորդ անգամ ի ցույց են դնում նորանշանակ վարչապետի արժեհամակարգն ու սկզբունքները:
Նախ` անդրադառնալով կուտակային կենսաթոշակային համակարգին` Հովիկ Աբրահամյանը համակարգի կասեցման գաղափարը որակել է ամբոխահաճո. «Կենսաթոշակային բարեփոխումները մեր երկրում անհրաժեշտ են, և դրանք անպայման ունենալու են պարտադիր բաղադրիչ, սակայն մենք պարտավոր ենք բարեփոխումների այնպիսի ուղի գտնել, որը շահավետ կլինի բոլորի համար և կխթանի մարդկանց մասնակցությունն այդ գործընթացին: Այն պետք է լինի «պարտադիր, բայց ոչ պարտադրված»: Համաձայնեք` ավելի ամբոխահաճ ձևակերպմամբ դժվար է հանդես գալ: Մի կողմ թողնելով նշանակման հաջորդ իսկ օրվանից իրեն անմնացորդ կերպով ամբոխահաճությանը նվիրելու` Աբրահամյանի վարչապետության մեկնարկը, արձանագրենք, որ ՙպարտադիր, բայց ոչ պարտադրված» լեզվական աճպարարությունն անգամ ամբոխահաճության չի ձգում, այնքան որ ակնառու «նոնսենս» է:
«Նոնսենսների» հաջորդ չափաբաժինը Աբրահամյանը փոխանցեց արդեն գործարարների համար հավասար մրցակցային դաշտ ստեղծելու հետ կապված հայտարարությունների ընթացքում: «Ստվերը բոլորիս թշնամին է, և պայքարը ստվերի դեմ լինելու է անողոք, անաչառ և հետևողական: Ուզում եմ ևս մեկ անգամ հայտարարել` ամեն ոք բարեփոխումները պետք է սկսի իրենից: Առավել խստապահանջ եմ լինելու իմ մերձավորների նկատմամբ: Եվ բոլորը պետք է իմանան, որ զոռբայությամբ կամ իշխանական լծակների օգնությամբ մեր երկրում ոչ ոք չի կարող յուրացնել ուրիշի ունեցվածքը կամ բիզնեսը»:
Փաստորեն` Հովիկ Աբրահամյանն այդ ամենը հասկացել է միայն վարչապետի աթոռին նստելուց հետո: Հակառակ դեպքում` ի՞նչն էր նրան խանգարում իր մերձավորների նկատմամբ առավել խիստ լինել ԱԺ նախագահի պաշտոնում, ինչո՞ւ Աբրահամյանը չէր փորձում այդ ժամանակ բարեփոխվել և սեփական ահռելի բիզնեսները ստվերից դուրս հանել: Իսկ ինչ վերաբերում է զոռբայությամբ ուրիշի բիզնեսները յուրացնելու անթույլատրելիությանը, ապա Հովիկ Աբրահամյանի շուրթերից նման հայտարարությունը մեկնաբանելը, մեղմ ասած, անիմաստ է:
Նորանշանակ վարչապետի հաջորդ ուշագրավ հայտարարությունը կապված էր կառավարության ծրագրում աշխատատեղերի բացման մասին խոստումների բացակայության հետ: Այս դեպքում արդեն Աբրահամյանը ոչ ավել, ոչ պակաս` իր նախորդին բացահայտ կերպով ստախոս անվանեց. «Ես սուտ խոստումներ չեմ ուզում տալ: Հիմա գրենք 100 հազար աշխատատեղ, է գրած էր, ես դեմ եմ նման թվեր գրելուն»,- ասաց Սերժ Սարգսյանի` նախորդներին չփնովելու հորդորը բանի տեղ չդնող վարչապետը: