ՀԱՐՑ. Սովետական արտադրության մեքենաները Հայաստան ներմուծելիս պարտադիր պետք է մաքսազերծվե՞ն, թե՞ ոչ: Եթե այո, ապա մեքենայի արժեքի քանի՞ տոկոսն է գանձվում: Ի՞նչ մեքենաների վրա չի գործում այդ օրենքը, եւ որո՞նց վրա է տարածվում:
թոշակառու
ՊԱՏԱՍԽԱՆ. Բոլոր ապրանքները, այդ թվում նաեւ նախկին ԽՍՀՄ պետությունների արտադրության մեքենաները Հայաստանի Հանրապետություն ներմուծելիս, ՀՀ մաքսային օրենսգրքի համաձայն, ենթակա են հայտարարագրման:
Մեքենաների ներմուծման դեպքում գանձվում են հետեւյալ մաքսային վճարները`
• մաքսատուրք` մեքենայի մաքսային արժեքի 10 տոկոսի չափով, ավելացված արժեքի հարկ` մաքսային արժեքի 20 տոկոսի չափով,
• ակցիզային հարկ` մաքսային արժեքի 20 տոկոսի չափով` միայն 25 մլն դրամ ավելի մաքսային արժեք ունեցող կամ մինչեւ 2 տարին ներառյալ թողարկման տարեթիվ եւ 4500 սմ խորանարդ եւ ավելի շարժիչի աշխատանքային ծավալ ունեցող թեթեւ մարդատար ավտոմեքենաների ներմուծման դեպքում,
• բնապահպանական վճար` կախված մեքենայի թողարկման (արտադրության) տարեթվից, մասնավորապես`
մաքսային արժեքի 2 տոկոսի չափով` 5 տարուց ավելի մինչեւ 10 տարի ներառյալ թողարկման (արտադրության) տարեթիվ ունեցող ավտոմեքենաների ներմուծման դեպքում, մաքսային արժեքի 10 տոկոսի չափով` 10 տարուց ավելի մինչեւ 15 տարի ներառյալ թողարկման (արտադրության) տարեթիվ ունեցող ավտոմեքենաների ներմուծման դեպքում, մաքսային արժեքի 20 տոկոսի չափով` 15 տարուց ավելի թողարկման (արտադրության) տարեթիվ ունեցող ավտոմեքենաների ներմուծման դեպքում:
հասարակայնության հետ կապերի բաժին
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Փաստորեն, ռուսական մեքենաներն էլ են ակցիզային հարկով հարկվում, թեեւ մեքենայի վրա համապատասխան թղթի կտրոն, ինչպես հայտնի է, չկա: