Այսօր Ազգային Ժողովում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ելույթն իրարանցում առաջացրեց խորհրդարանում: Նա հայտարարեց, թե անհեթեթ է հավատալ, որ այս անգամ պաշտոնյաները մի կողմ կդնեն իրենց բիզնեսները:
Նա իր ելույթում անդրադարձավ նաև Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի ունեցվածքին: Նրա խոսքով` նախարարն իր հարազատների հետ միասին միլիոններ է կուտակում ու գործարարությամբ զբաղվում` միաժամանակ հերքելով, թե բիզնեսով է զբաղվում:
Նրա ելույթի ընթացքում պատգամավոր Առաքել Մովսիսյանը դահլիճից ընդդիմախոսեց, որը զայրացրեց Փաշինյանին և նա հայտարարեց. «Մի հատ կարգի հրավիրե՛ք, ստեղ բազար չի, արա՛»,-ինչին էլ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Հիմա ո՞ւմ կարգի հրավիրեմ, պարո՛ն Փաշինյան, Ձե՞զ, թե՞ պատգամավորներին»:
Իր ելույթում Փաշինյանը չխնայեց նաև հենց ԱԺ նախագահին, ով ՀԱԿ պատգամավորի նախկին ելույթի ժամանակ խորհուրդ էր տվել չզբաղվել չարաճճիությամբ: Պատասխանելով Սահակյանին` նա նշեց.
«Եթե դուք թոթովախոս եք, ապա ԱԺ-ն մի խառնեք մանկապարտեզի հետ, հակառակ դեպքում մենք մեզ համարժեք կպահենք. մենք դաստիարակների փորձ արդեն ունենք»:
«Այդպես էլ արջը երկրորդ երգը չսովորեց»,- արձագանքեց Գալուստ Սահակյանը:
Մանրամասները` տեսանյութում: