Ոստիկանը կարող էր կանխել «Վերնիսաժի» դեպքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 17-ին «Վերնիսաժում» հնչած կրակոցների  մասին վերջին օրերին, մեղմ ասած, քիչ չի խոսվում:
Մեծ աղմուկ հանած այս իրադարձությունն առավել խոցելի է, քան սահմանին հնչող սովորական դարձած կրակոցները, քանի որ հայն է կրակել հայի վրա:

Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարից տեղեկացանք, որ դեպքի վայրում է եղել ՀՀ Ոստիկանության Արագածոտնի մարզի քննչական բաժնի պետը` Մարատ Դուրյանը, ով ՀՀ վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ Լևոն Յոլյանի փեսան է:

Անկասկած, յուրաքանչյուրն էլ  իրեն ապահով է զգում այնտեղ, որտեղ ոստիկան է տեսնում, սակայն այս դեպքում ամեն ինչ դուրս է եկել սահմաններից:

Հարց է առաջանում` ինչու՞ վերոնշյալ պաշտոնյան չի կանխել անմեղ քաղաքացիների զոհ դառնալը այն պարագայում, որ դա իր լիիրավ իրավունքն ու պարտականությունն էր:

Թերևս սփոփում է այն միայն, որ Մարատ Դուրյանն ավելի ուշ օգնություն է ցուցաբերել գործով կասկածյալ Գոռ Առաքելյանի կնոջն ու երկու տարեկան դստերը: Սակայն, եթե նույն ոստիկանը դուրս գար իր մեքենայից և ներկայանար վկայականով, երևի թե սցենարն այլ լիներ:

Կարելի՞ է արդյոք ենթադրել, որ Արագածոտնի մարզի քննչականի պետի համապատասխան և ճիշտ պահին արված միջամտության դեպքում չէինք ունենա այն, ինչ ունենք, դժվար է ասել:

Կողմնապահություն թող չդիտարկվի, սակայն պետք չէ նաև բացառել այն, որ որևէ հայ տղամարդ չէր կարող կրակել անչափահաս դստեր և կնոջ ներկայությամբ, առավել ևս այն պարագայում, երբ գտնվում ես հասարակական վայրում: Գոնե գիտակից մարդը նման ռիսկի չեր դիմի, եթե, իհարկե, նրա կյանքին վտանգ չսպառնար:

ՀՀ Ոստիկանության նախկին աշխատակից Ռոբերտ Մելքոնյանն Armlur.am-ի հետ զրույցում հստակեցրեց, որ ոստիկանության աշխատակիցը հանցագործության, հասարակական կարգի խախտումների դեպքում պարտավոր է կանխել, համապատասխան միջոցներ ձեռնարկել, և դա նրա պարտականությունն է:

Իսկ թե օրենքով սահմանված կարգով ի՞նչ նախազգուշացում կամ պատիժ կարող է կրել ոստիկանության նման աշխատակիցը, Մելքոնյանը փոխանցեց, որ դա ծառայողական քննությամբ, գործի քննության ընթացքում դեպքի մանրամասները մանրակրկիտ պարզելուց հետո միայն պարզ կդառնա:

«Պետք է մանրակրկիտ պարզվեն դեպքի մանրամասները, ոստիկանության աշխատակցի ականատես լինելու, նրա կողմից ձեռնարկած գործողությունների իրավաչափությունը, և նոր ըստ հանգամանքների կորոշվի նրա պատժաչափը` կարգապահական, թե այլ»,- պարզաբանեց ոստիկանության նախկին աշխատակիցը:

Ինչևէ, այս պահին Գոռ Առաքելյանը կալանավորված է և գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում:

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 10-րդ կետերով (խուլիգանական դրդումներով երկու կամ ավելի անձանց սպանության փորձ՝ շատերի կյանքի համար վտանագավոր եղանակով), ինչպես նաև՝ 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):

Իսկ վիճաբանող կողմերն այս պահին գտնվում են հիվանդանոցում և ոստիկանության հսկողության տակ:

Տաթև Հարությունյան




Լրահոս