Ըստ պաշտոնական հաղորդագրության, փետրվարի 3-ին Գյումրիի «Բյուզարդ» ռեստորանային համալիրից ոստիկանության Շիրակի մարզային վարչություն բերման են ենթարկել 20-25 անձ, որոնք հիմնականում նախկինում դատապարտված հեղինակություններ են՝ «Ալո»-ն, «Աֆուլիկ»-ը, «Զավ»-ը, «օշականցի Գեւորիկ»-ը, «Պավլուշի տղա Սուրո»-ն, «Մանեթի տղա Սամո»-ն, «Վստրեչի ապեր»-ը եւ Գյումրիի քաղաքապետի որդի՝ Սպարտակ Ղուկասյանը: Նրանք ենթարկվել են խուզարկման եւ ավելի ուշ ստորագրությամբ ազատ արձակվել: Թե ինչու են հայտնվել ոստիկանների ուշադրության կենտրոնում, ո՛չ ոստիկանությունն է ասում, ո՛չ էլ բերման ենթարկվածները: Արամ Վարդանյանը` «Վստրեչի Ապերը» «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ թյուրիմացություն էր եղել, որեւէ լուրջ բան չկա, իսկ ռեստորանի տերը` Մստոն, մեր թղթակցին ասել է, թե «մարդիկ հաց էին ուտում, հացները հարամեցին, կեղտոտ քաղաք է»: Գյումրիում պտտվող խոսակցությունների համաձայն, այս ակցիան ընտրություններից առաջ կատարվող պրոֆիլակտիկա էր, որպեսզի հանկարծ որեւէ մեկը չմտածի, թե կարող է ինքնուրույն որեւէ որոշում կայացնել:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ