Հայաստանի ոստիկանությունը հորդորում է Վերջին զանգի օրը՝ մայիսի 23-ին մեքենա չտալ դեռահասների ձեռքը:
«Վերջին զանգի» հանդիսությունների կապակցությամբ ճանապարհային եւ համայնքային ոստիկանության ծառայողները, անչափահասների գործերով տեսուչները արդեն իսկ այցելել են դպրոցներ, զրուցել աշակերտների, մանկավարժների, ծնողների հետ, բացատրել հատկապես տոնական օրը հասարակական կարգն ու երթեւեկության կանոնները խստագույնս պահպանելու, արկածախնդիր արարքներից զերծ մնալու անհրաժեշտությունը, որպեսզի տոնը չմթագնվի որեւէ անցանկալի միջադեպով:
Ոստիկանությունը կրկին կոչ է անում տոնի տերերին՝ երեխաներին՝ ձեռնպահ մնալ մեքենա վարելուց, հասարակական վայրերում պահպանել համակեցության ու բարեկրթության կանոնները, ոգելից խմիչքներ չօգտագործել, հարգալից լինել միմյանց եւ համաքաղաքացիների հանդեպ, կատարել ծառայություն իրականացնող ոստիկանների օրինական պահանջները:
Ծնողներին հորդորում են տրանսպորտային միջոցներ չտրամադրել անչափահասներին: Հարկ եղած դեպքում ինքներդ վարեք մեքենան, ուսուցիչների հետ ընկերակցեք նրանց զանգվածային միջոցառումների ժամանակ, ձեր ներկայությամբ հետ պահեք անխոհեմ քայլերից, իսկ անհրաժեշտության դեպքում դիմեք պարեկող ոստիկանների օգնությանը:
Մայիսի 23-ի առավոտից ոստիկանության համապատասխան ստորաբաժանումները ուժեղացված ծառայություն են իրականացնելու բոլոր այն տարածքներում, որտեղ նախատեսվում են «վերջին զանգի» հանդիսություններ ու զանգվածային միջոցառումներ, արվելու է առավելագույնը հասարակական կարգն ու մասնակիցների անվտանգությունը ապահովելու համար: