Ուսումնասիրելով Ազգային Ժողովում ներկայացված մեր պատգամավորների անցած ուղին` համոզվում ես, որ պատգամավոր դառնալու համար շատ բան պետք չէ: Թեկուզ նույն բարձրագույն կրթությունն էլ պարտադիր պայման չէ, քանի որ կարելի է հասուն տարիքում էլ սովորել. եթե դրանից հետո ԱԺ-ում հայտնվելու հեռանկար է բացվում:
Որպես ասվածի օրինակ` կարելի է դիտարկել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մելիք Մանուկյանին` Շշի Մելոյին, ում նույնիսկ արտաքնապես քիչ ճանաչողներ կան: Բայց արդեն հայրենի Աբովյանում պատգամավորը հայտնի է իր անցյալի շնորհիվ:
Մ. Մանուկյանը ծնվել է 1955թ-ին, սակայն բարձրագույն կրթություն ստացել է միայն Խորհրդային Միության փլուզումից հետո` 1993թ-ին` 38 տարեկանում ավարտելով Եկատերինբուրգի ուրալյան ժողովրդական տնտեսության ինստիտուտը: Կարելի է ենթադրել, որ Մանուկյանին, ով մինչեւ այդ տարիքը զբաղվել է բացառապես հասարակ աշխատանքային գործունեությամբ, ինչ-որ մեկը շշնջացել է, որ հնարավոր է նոր բարքերում բարձրագույն կրթությունը պետք գա յուղոտ որեւէ պաշտոն զբաղեցնելու կամ էլ ազգընտիր դառնալու համար:
Սակայն ակնհայտ է` ուսումը չէ, որ կարևոր է եղել մեր հերոսի համար: Աբովյանցիները շատ են սիրում իրենց երեխաներին օրինակ բերել «Օրինաց երկիր» կուսակցությանը դավաճանած և ԲՀԿ-ական դարձած Մանուկյանին` Շշի Մելոյին, որը քսան տարեկանից աշխատել է Արզնու «Հայբյուրեղապակի» գործարանում ու հասել նրան, որ հիմնադրել է ապակյա տարաների սեփական գործարանը, իսկ հետո արդեն դարձել պատգամավոր: Բայց այսքանով, թերեւս, որպես օրինակելի անձ նրա կարիերան ավարտվում է, քանի որ նույն աբովյանցիները կպատմեն, թե ինչպես է իրենց Շշի Մելոն սիրում սրան-նրան սպառնալ:
Պատմությունը չի կարելի անվանել մութ, թեպետ կրիմինալ տարրեր է պարունակում. բոլորն էին դրա մասին խոսում: Օրերից մի օր ԲՀԿ-ի ներկայացուցիչն Աբովյանի սուպերմարկետներից մեկին է հանձնում «Սիփան» լիմոնադի մեծ խմբաքանակ, որը, սակայն, չի սպառվում, քանի որ ժողովուրդը չի հավանում: Արդյունքում կլորիկ գումար տալու փոխարեն նրան վերադարձնում են լիմոնադի մեծ մասը, ինչը վրդովեցնում է մեր հերոսին, որն ակնկալում էր 100 հազար դոլարի շահույթ:
Նրանում, որ իր ապրանքը չի վաճառվում Մ.Մանուկյանը սկսում է մեղադրել խանութի սեփականատիրոջը, որին սպառնում է: Բանն այնտեղ հասավ, որ պատգամավորի թիկնապահը ծեծի ենթարկեց խանութի փոխտնօրենին: Այդ ծեծի հետքերով ոստիկանությունում նույնիսկ քրգործ էր հարուցվեր:
Հասկանալի է, որ Մ.Մանուկյանը բավականին հովանավորյալներ ունի, քանի որ Հայաստանում ապակյա տարաների արտադրության իմաստով գրեթե մենաշնորհային դիրք ունի ու մատակարարում է խմիչք արտադրող հայտնի գործարանների մեծ մասին, հատկապես երբ հաշվի ենք առնում այն փաստը, որ այդ գործարաններն էլ հիմնականում պատկանում են գործարար-պատգամավորներին:
ԲՀԿ-ական պատգամավորն իր ունեցվածքի և գույքի հայտարարագրում ոչ մի սեփականություն չի նշել: Նրա դրամական միջոցները կազմում են 663 մլն 862 հազար դրամ: Նա մեկ տարվա ընթացքում 70 մլն դրամից ավել եկամուտ է ապահովել: Այդ ամենը գոյացել է աշխատավարձից, գույքը օտարելուց ստացված եկամուտներից, տրված փոխառություններից ստացված տոկոսից:
Նա այն պատգամավորներից է, որ անցած տարիների ընթացքում խորհրդարանի դահլիճում երբեւէ որևէ բառ չի ասել, որևէ օրինագծով հանդես գալու մասին էլ ավելորդ է խոսել: Պրն Մանուկյանը նման թիթիզ բաներ չի սիրում: Մելիք Մանուկյանն այն պատգամավորներից է՝ ում սուրբ գործը սկսվում և ավարտվում է կոճակ սեղմելով:
Այսքան տարիների ընթացքում նա ընդամենը մեկ քաղաքական հայտարարություն է արել: Լրագրողների ուշադրությանը արժանացել է մեկ անգամ, երբ դիմում գրեց ՕԵԿ խմբակցության ղեկավարին` խմբակցությունից դուրս գալու վերաբերյալ:
«Առաջինը ես եմ դիմում գրել ու դուրս եկել ՕԵԿ-ից, երբ իմացել եմ, որ իրենք դուրս են գալիս կոալիցիայից: Ես ուզեցել եմ մնալ կոալիցիայում», – սա Մելիք Մանուկյանի միակ քաղաքական հայտարարությունն է եղել:
Նաիրա Հովհաննիսյան