«168 ժամ» թերթը գրում է. «Ազգային ժողովում կառավարության ծրագրի երկօրյա քննարկումները ցույց տվեցին, որ Հայաստանն իսկապես աղքատ երկիր է։ Ողորմելի աղքատ։ Խոսքն ամենևին ծրագրում ներկայացված բյուջետային միջոցների սղության, օգտակար հանածոների բացակայության մասին չէ։ Հայաստանն այն քիչ թվով երկրներից է, որն արդեն համարյա պաշտոնապես չունի նաև ընդդիմություն։ Այսինքն՝ մտածող մարդիկ։ Իշխանությունից տարբեր կերպ մտածող մարդիկ։ Իսկ քանի որ մենք միշտ հպարտացել ենք նրանով, որ մեր ամենամեծ ռեսուրսը մարդն է, պետք է արձանագրենք, որ մենք այլևս անշրջելի աղքատ ենք։
Կառավարության ծրագրի քննարկումներում իրենց ընդդիմություն կոչողներն այնքան հաջողություններ ու արգասաբեր աշխատանքի այնքան բարեմաղթանքներ հղեցին վարչապետ Հովիկ Աբրահամյանին, որ որևէ նորապսակ զույգի այդքան ցանկություններ հղելու պարագայում՝ Հայաստանի դեմոգրաֆիական աղետը կանգ կառներ։ Իսկ Աժ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթը, որ իրականում իրերն իրենց անուններով կոչելու միակ դրսևորումն էր, ուղղված լինելով իշխանության դեմ՝ իրականում ուղղված էր արդեն գրեթե անգո ընդդիմության դեմ։ Փաշինյանն իր ելույթով ցույց տվեց Հայաստանում ընդդիմության բացակայությունը։
Ընդհանրապես իշխանության տեսակների մասին տեսություններում առանձնացնում են ոչ լեգիտիմ իշխանության այն դրսևորումը, որը ձևավորման հարցում հակաօրինական լինելով՝ լեգիտիմանում է իր գործունեության արդյունավետությամբ։ Այսինքն՝ հասարակությունը՝ տեսնելով ապօրինի ձևավորված իշխանությունը, դադարում է նրան այդպիսին ընկալել, քանի որ իշխանությունն այդ, պարզ ասած, սկսում է լավ աշխատել, կամ, քաղաքական գործիչների լեզվով ասած՝ ծառայել ժողովրդին։ Հայաստանում դա ևս ձևախեղվել է։ Իշխանությունը սկսել է ծառայել ընդդիմությանը՝ վերջինիս կողմից մատուցված ծառայությունների դիմաց։ Ու դարձել է լեգիտիմ՝ նախկինում իրեն հանցավոր համարողների համար։ Դրա համար ամեն ինչ այլևս տեղի է ունենում Ազգային ժողովում։ Փողոցն այլևս մոդայիկ չէ։ Ավելի ճիշտ՝ այլևս լեգիտիմ չէ փողոցը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։