Հայաստանի Հանրապետության կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց կացարանի և այլ սոցիալական ծառայությունների տրամադրման բազմաբնակարանային շենքերի մեկ միավորի արժեքը 10418.5 հազ. դրամ, իսկ կացարանի և այլ սոցիալական ծառայությունների տրամադրման առանձնատնային մեկ միավորի արժեքը` 2592.1 հազ. դրամ սահմանելու մասին որոշմանը:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության 2013 թվականի օգոստոսի 1-ի որոշմամբ սահմանվել է, որ սոցիալական բնակարանային ֆոնդի մեկ միավորը նույն համայնքում տեղակայված կացարաններն են կամ դրանց ցանցն աշխարհագրորեն տեղակայված է մինչև 3 կմ շառավղով:
Նույն տեղում` որոշման 49-րդ կետով նախատեսվում է, որ յուրաքանչյուր տարվա համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացվելիք ֆինանսական միջոցների ծավալները որոշվում են սոցիալական տան կողմից կացարանի և այլ սոցիալական ծառայությունների տրամադրման մեկ միավորի արժեքով, իսկ 50-րդ կետով սահմանվել է, որ սոցիալական տան կողմից կացարանի և այլ սոցիալական ծառայությունների տրամադրման մեկ միավորի արժեքը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Որոշմամբ սահմանված է, որ կացարանները տրամադրվում են սոցիալապես անապահով խմբերին դասված անձանց (ընտանիքներին), ուստի և նրանց հետ աշխատելու է սոցիալական աշխատողը:
Սոցիալական բնակարանային ֆոնդում ներառվում են ինչպես բազմաբնակարան շենքեր, այնպես էլ առանձնատներ, ուստի կացարանի և այլ սոցիալական ծառայությունների տրամադրման համար կպահանջվեն ֆինանսական միջոցների տարբեր ծավալներ: