Արագածոտնի մարզի Աշտարակի, Ապարանի, Թալինի և Արագածի տարածաշրջանների համայնքներում «Մի հակադրվիր բնությանը, քանզի այն քեզ կհակադրվի» ծրագրի շրջանակներում ստեղծվել են էկոակումբներ, որոնց անդամները վեր են հանում իրենց բնակավայրերի բնապահպանական, էկոբազմազանության խնդիրները և աշխատում դրանց լուծման ուղղությամբ։ Ծրագիրն իրականացնում է «Մարդկային ռեսուրսների զարգացման Արագածոտնի մարզային կենտրոն» ՀԿ-ն՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի` որպես ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։
Ծրագրի համակարգող Սյուզաննա Պետրոսյանը նշում է, որ Արագածոտնի մարզի՝ կենսաբազմազանության խնդիրներ ունեցող համայնքներում անցկացվել են եռօրյա դասընթացներ, որոնց ընթացքում քննարկվել են բնապահպանական խնդիրներ, կենսաբազմազանությանը սպառնացող հարցեր։
Ս. Պետրոսյանը, մասնավորապես, որպես մարզի հիմնախնդիր նշում է այն հանգամանքը, որ Թալինի տարածաշրջանի Մաստարա գյուղում հաճախակի լինում են սելավներ, հատկապես գարնանային սեզոնին, ինչն առաջ է բերում հողի էրոզիա, լվացվում-տարվում է հողի վերին հումուսային շերտը, և հողը կորցնում է բերքատվության հատկությունները: Համայնքում առավել շատ են թեք լանջերը, ինչի պատճառով առաջացել են հողահանդակներ, քանի որ թեքություններն ավելի են նպաստում ջրի մեծ հոսքին:
Ուստի բնական է դառնում, որ ոչնչանում եմ կենսաբազմազանության տարբեր տարրեր:
Էկոակումբներում ներգրավված են ուսուցիչներ և երիտասարդներ։ Տեսական գիտելիքներն ամրապնդելու նպատակով կազմակերպվում են նաև էկոարշավներ։ Երիտասարդներն այցելել են Արագածոտնի տարածաշրջանի Ագարակ համայնքի հանքավայր՝ տեսնելով, թե հանքավայրերը կենսաբազմազանության ինչ հիմնախնդիրներ են առաջացնում։ Բյուրականի անտառներում արշավի ընթացքում ակնատես են եղել անտառահատման հետևանքով կենսաբազմազանության խախտման դեպքերի։
էկոլոգիական ակումբներում կազմվել են աշխատանքային պլաններ՝ համայնքների բնապահպանական խնդիրները լուծելու ուղղությամբ։ Ակումբների անդամների միջոցով առանձնացվելու են համայնքներին հատուկ բնապահպանական և կենսաբազմազանության խնդիրները, որոնք արտացոլվելու են տպագրվող պաստառներում և փակցվելու համայնքներում։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն