ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն այսօր կառավարության ծրագրի քննարկման ժամանակ առանձնացրեց այն խնդիրներն ու մտահոգությունները, որոնք առկա են:
«Կառավարության ծրագրում պետք է որ լինեին քաղաքական ընդդիմության դերակատարության վերաբերյալ կառավարության տեսակետը, մոտեցումը և կոնկրետ ծրագրային առաջարկները: Կուզենայինք ծրագրում տեսնել կառավարության վճռականությունը ընդդիմության մասին օրենքի ընդունման և գործադրման մասով, կուզենայինք տեսնել, որ կառավարությունն ու իշխանությունը պատրաստ են իշխանության գործողությունների նկատմամբ վերահսկությունը վերապահել նաև ընդդիմությանը»,- ընդգծեցԱրծվիկ Մինասյանը:
Նա նշեց, որ ծրագրում չկան հակակոռուպցիոն գործակալության ստեղծման, ընդդիմության դերակատարության մեծացման վերաբերյալ դրույթներ: Նրա խոսքով` կառավարության ծրագրում չկա նաև աշխատատեղերի ստեղծման ուղղությամբ ճանապարհային քարտեզ, որի մասին առաջարկ էր արել Դաշնակցությունը` չհամաձայնելով հնչած այն տեսակետի հետ, թե կառավարությունը պատասխանատու չէ աշխատատեղերի ստեղծման համար:
«Պետությունը, կառավարությունը նրա համար են, որ ապահովեն քաղաքացու արժանապատիվ աշխատատեղ ստեղծելու համար անհրաժեշտ միջավայրը, դրա ստեղծման գործիքներն էլ ենք առաջարկել: Ծրագրում կան լոկ ցանկություններ, բայց դրանց հետ միասին կան դրույթներ, որոնք արդեն մերժվել են հանրության կողմից, դա պարտադիր կուտակային համակարգն է»,- ասաց պատգամավորը` հավելելով, որ կուտակայինի մասին կրկնելու է այնքան ժամանակ, քանի դեռ հանրության պահանջը չի իրացվել լիարժեքորեն: