Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Կոտայքի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրօր–ի 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով (ավազակությունը, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով), ինչպես նաև 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի եղանակով զենք–զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով։ Ինչպես armlur.am –ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ հունվարի 25-ին, ժամը 16.00-ի սահմաններում, դիմակավորված 2 հոգի, զինված ատրճանակով, դանակով և կաստետով, ներս են մտել Երևան–Աբովյան ավտոճանապարհի վրա գտնվող Վերին Պտղնի գյուղի հատվածում գործող “Վանուհի–Վահան” ՍՊԸ–ին պատկանող “Ֆլեքսո” տպարան։ Արդեն ներսում դիմակավորված անձիք բռնություն են կիրառել այդ պահին տպարանում գտնվող տնօրեն 52-ամյա Ալեքսանդր Ստեփանյանի և գործավար 25-ամյա Սոնա Ֆարմազյանի նկատմամբ, կապել նրանց, ծեծի ենթարկել, որից հետո այնտեղից հափշտակել են 800 հազար դրամ գումարը։Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ հանցագործություն կատարողները՝ բացի դիմակավորված լինելուց, եղել են նաև մգեցված ակնոցներով, և ավելի շատ՝ կաստետով հարվածներ են հասցրել տնօրենին։ Պատմել են նաև, որ նախկինում նույն տնօրենի նկատմամբ եղել է մեկ այլ ավազակային հարձակում, իսկ մեկ անգամ էլ այրել են նրա ավտոմեքենան։ Տնօրենը տեղափոխվել է հիվանդանոց, քննիչի որոշմամբ նրան տրվել է դատաբժշկի ուղեգիր։Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ–քննչական միջոցառումներ՝ հայտնաբերելու ավազակային հարձակում կատարող անձանց և պարզելու դեպքի հանգամանքները։
Ավազակային հարձակում Ֆլեքսո տպարանի վրա. տնօրենին ծեծի են ենթարկել կաստետով
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ