Եկատերինբուրգի երկաթգծի կայարանում ոստիկանները գնացքից հանել են էգ առյուծին, որը փաստաթղթով գրանցված է եղել իբրև կատու. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
Ոստիկանությունը ահազանգ է ստացել, որ մարդատար գնացքում երիտասարդ էգ առյուծ են տեղափոխում, որն իրեն անհանգիստ է պահում:
«Ոստիկանները ժամանել են դեպքի վայր և տեսել, որ գնացքում գտնվում է 50 կիլոգրամանոց առյուծ, իսկ նրա տիրուհին չի կարողանում հետը լեզու գտնել»,- պատմել են ոստիկանությունում:
Մասնագետները ժամանակավորապես քնեցրել են կենդանուն և մեկուսացրել հատուկ կահավորված տարածքում:
«Այժմ կենդանուն տեղափոխող անձը բացատրություն է տալիս, թե ինչպես է գնացքում հայտնվել առյուծը, որը փաստաթղթերում նշված է որպես կատու», – պարզաբանել են ոստիկանները: