Դավիթ Հարությունյանի անշարժ գույքն ու տատիկի կտակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ իր ունեցվածքի վերաբերյալ հարցին: Հիշեցնենք, որ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարց էր բարձրացրել, թե որտեղից Դավիթ Հարությունյանին այդքան անշարժ գույք:

 «Ես չեմ ներկայացնի ձեզ Մոսկվայի կոմունալ բնակարանում իմ սենյակը, որն ինձ բաժին է հասել հորեղբորիցս: Նա կտակել է ինձ, և այնտեղ մինչև հիմա ապրում է հորեղբորս կինը: Դա հին պատմություն է: Ես կարծում եմ, որ ձեզ նաև չի հետաքրքրի իմ տատիկի կիսավարտ տունը, որը տատիկս ձեռք է բերել 70-ական թվականներին, իսկ ինձ որպես կտակ հասել է մինչև քաղաքականությամբ զբաղվելը: Երևի ձեզ չի հետաքրքրում այն սենյակը, որտեղ ես ապրել եմ 8 տարեկանից սկսած, որը հանդիսանում է իմ սեփականությունը, չի հետաքրքրի 800 քմ հողատարածքը Դիլիջանում, որը բաց աճուրդով ձեռք եմ բերել երեք տարի առաջ: Կարծում եմ՝ ամենաշատը ձեզ կարող է հետաքրքրել երկու տարածք՝ այն տունը, որտեղ ես եմ ապրում, և այն բնակարանը, որտեղ ես տեղափոխվեցի նախարար եղած ժամանակ»,- նշեց Դավիթ Հարությունյանը:

Անդրադառնալով իր բիզնեսների վերաբերյալ հարցին՝ Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ բիզնես չունի: «Ինչ վերաբերում է «Էյր Արմենիա» ընկերությանը, իսկապես նման ընկերություն գոյություն ունի, մասնավոր ընկերություն է, որի սեփականատերերից մեկն իմ եղբայրն է: Ընկերության հետ ես անձամբ որևէ առնչություն չունեմ»,- ասաց նա:

 Դավիթ Հարությունյանը նաև նշեց, որ Հյուսիսային պողոտայի հետ ինքը ոչ մի առնչություն չունի, չի ունեցել, որևէ սեփականություն պողոտայում չունի:

 Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ իր կապի մասին հարցին էլ պատասխանեց. «Ընդհանրապես  Զանգեզուրում եղել եմ մանկությանս տարիներին մեկ անգամ, պղնձամոլիբդենային կոմբինատի էդ գործարքներին մասնակցել եմ ընդամենը որպես կառավարության անդամ, երբ կոմբինատում թույլտվություններ էին տրվում և այլն: Որևէ մասնակցություն, որևէ գործարք՝ լինի դա պայմանագրային, ծառայությունների մատուցման, որևէ փոխկապակցված անձի միջոցով չունեմ»,- ասաց նա:




Լրահոս