«Յունիբանկ» ՓԲԸ-ի տնօրեն Վարդան Աթայանը «Հին Էրիվան հոլդինգի» սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանին ասել է. «Մեկ ա` դաբրոն ունեմ, շենքդ վերցնելու եմ»:
Այս մասին այսօր հայտնեց Մանվել Տեր-Առաքելյանը` անդրադառնալով նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանի` երեկվա արած հայտարարությանը, որում, մասնավորապես, ասվել է, որ գործարար լինելը հեշտ բան չէ, և պետք է ամեն կերպ խրախուսել նրա աշխատանքը:
Հոլդինգի սեփականատերը, հիշելով վարչապետի այն խոսքերը, թե գործարարների շնորհիվ են մեծ հարկեր ստացվում, իր խոսքն ուղղեց նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանին. «Պարո՛ն Աբրահամյան, իմ ձեռքից անհիմն ուզում են խլել իմ սեփականությունը: Խնդրում եմ սատարել, որպեսզի Վճռաբեկ դատարանը մեր բողոքը վարույթ ընդունի: Ես ոչ մեկից գումար չեմ ուզում, կայացած բիզնեսմեն եմ և գումար ունեմ»:
Մանվել Տեր-Առաքելյանը խոսեց նաև այն մասին, որ իրենց ձեռքի տակ եղած բոլոր փաստաթղթերն իրենք տեղադրել են «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իրենց էջում, որն այս պահի դրությամբ ունի արդեն 198.528 դիտում: Այս առիթով Տեր-Առաքելյանն իր խոսքն ուղղեց Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին, թե «Հիմա արդեն կրուտիտներ անելու ժամանակը չէ: Ժամն է արդարադատության»:
Հոլդինգի սեփականատերը հայտնեց, որ իրենք ունեն Վերաքննիչ դատարանի որոշումը` կայացված դատավոր Արսեն Մկրտչյանի կողմից, ով հիմա արդեն Արդարադատության փոխնախարար է: Ըստ վճռի` բացասական հետևանքները պետք է կրի հայցվոր կողմ «Հին Էրիվան հոլդինգը»:
«Եթե գործը վերցվեց վարույթ, ինքնին իրանց կառուցած պիրամիդան կփլվի: Հենց դրա համար էլ խնդրում եմ մեր կառավարությանը` սատարել, որպեսզի բողոքն ընդունվի Վճռաբեկ դատարանի վարույթ: Պատկերացրե՛ք այսպիսի իրավիճակ` մի կողմում կանգնած է փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչ, մյուս կողմից՝ ֆինանսական կառույց:
Իսկ այդ ֆինանսական կառույցի ներկայացուցիչը ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի հարազատ եղբայրն է` Վահան Հարությունյանը:
Դատարանում արդեն իսկ արդարության հավասարակշռությունը խախտված է»,- ասաց Մանվել Տեր-Առաքելյանը` նշելով, որ դատարանի վրա չի կարելի ճնշում գործադրել, դատավորը բարոյահոգեբանական ճնշվածության տակ է արդեն իսկ և ներկայացնում է բանկի շահերը:
«Դավիթ Հարությունյանն ու իր եղբայրը ինչ-որ գործողություններ անելուց առաջ պետք է մտածեն նաև իրենց հարազատների իմիջի մասին, իրենց անվան մասին»,- նշեց գործարարը:
Տաթև Հարությունյան