ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն այսօր Կառավարության ծրագրի ամփոփիչ ելույթի ժամանակ նշեց, թե նախորդ Կառավարությունն էլ կարող էր իրականացնել ծրագրեր, սակայն քաղաքական կամք չուներ:
Նրա խոսքով նախորդն էլ ասում էր, որ ստվերը պետք է տանել տնտեսական դաշտ, կոռուպցիան վերցնել, մենաշնորհների հաղթարշավի դեմ պայքարել, բայց չարեց, քանի որ համակարգին դա ձեռնտու չէր։
«Հիմա ինչ է փոխվել, ըստ էության ոչ մի բան չի փոխվել»,-նշեց նա և հավելեց, որ հնչող տեսակետները, թե նոր կառավարության կազմն իր վստահությամբ, գրագիտությամբ ու փորձով առավել է` ընդամենը քծնելու փորձ է և ոչ ավելին։
«Մեր իշխանություններն ապացուցել են, որ իմունիտետ չունեն փողի նկատամամբ, փող են տեսնում սկսում են դողալ»,-ասաց պատգամավորը և ավելացրեց, որ եթե ծրագրի իրականացման համար շեշտը դնում են առանձին անձի մարդկային որակների վրա, որը պետք է փրկի պետությունը՝ դա հեքիաթ է։
Ռուբեն Հակոբյանը նաև նշեց, որ վարչապետը կողմոնորոշվելու հնարավորություն ունի՝ «կամ կարճ ժամանակում ինքներդ հրաժարական եք տալու կամ հեռացնելու են, ու դուք էլ ասելու եք, թե որոշեցի հեռացա։ Իսկապես կողմնորոշվելու հարց ունեք»,-ասաց նա։