ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆԸ ՉԻ ՎԱՃԱՌՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու խորհրդական Վան Բայբուրդը հերքում է լուրերը, թե Թբիլիսիում Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանն առաջիկայում դարձնելու են թուրք բանվորների հանրակացարան, քանի որ այն վաճառվել է վրաց-թուրքական ընկերությանը: Ըստ նրա` թեեւ շենքի սեփականատերը ցանկանում է այն վաճառել, սակայն չկա համապատասխան գնորդ: «Ժողովուրդ»-ին տված հարցազրույցում Բայբուրդն ակնարկեց, որ այդ տեղեկությունները միտումնավոր տարածվում են ՌԴ-ից:
-Ինչպե՞ս կմեկնաբանեք տեղեկությունները, որ Թբիլիսիում Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը վաճառվել է թուրքական ընկերության, եւ այն դառնալու է թուրք բանվորների հանրակացարան:
-Վստահեցնում եմ` նման բան չկա: Վերջերս Թբիլիսի էր եկել Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը: Նա հանդիպեց շենքի սեփականատիրոջը` Լեժավային: Ինքն էլ հավաստիացավ, որ Թումանյանի տուն-թանգարանը չի վաճառել: Ճիշտ է՝ Լեժավան ուզում է այն վաճառվել, բայց Անանյանին ինքն էլ հավաստիացրեց, որ երբեք իրեն չեն դիմել թուրք կամ որեւէ այլ ազգի ներկայացուցիչներ: Այնպես որ, այդ տեղեկությունները մոգոնած, հորինած են: Հովհաննես Թումանյանը գրեթե 14 տարի ապրել է այդ տանը, հետո այնտեղ էին ապրում նրա ընտանիքի անդամները: Եւ երբ Թումանյանի կինը՝ տիկին Օլգան, 50-ականներին տեղափոխվեց Երեւան, այդ տունը դարձավ Թբիլիսիի Սոլոլակի թաղամասի գրադարանը: Հետո, սակայն, պարտքի դիմաց այդ գրադարանը քաղաքապետարանը տվեց Լեժավային: Վերջինս էլ ուզում է վաճառել, բայց կրկնում եմ` չկա որեւէ գնորդ:
-Այդ դեպքում ի՞նչ էր նշանակում այս ողջ իրարանցումը. ի վերջո, որտեղի՞ց այդ տեղեկությունները:
– Ինձ համար անհասկանալի է, որ Թումանյանի տուն-թանգարանը փրկելու մասին հայտարարությունը տարածեցին ոչ թե Երեւանից կամ Թբիլիսիից, այլ Մոսկվայից: Առաջնային ինֆորմացիան եկավ ՌԴ-ից, եւ հայկական թերթերը, դա հիմք ընդունելով, համապատասխան հոդվածներ հրապարակեցին:
-Այսինքն՝ կարծում եք՝ ՌԴ-ից միտումնավոր ապատեղեկատվությո՞ւն էր հաղորդվել:
-Ես ընդամենը իմ զարմանքն եմ հայտնում, որ այդ ինֆորմացիայի սկզբնաղբյուրը ՌԴ-ից էր: Ինքնե՛րդ դատեք: Արդեն 13-14 տարի է՝ այդ բնակարանը պահպանվում է: Եւ հետո, թուրքերն են գնում դա, թե այլոք, ի՞նչ նշանակություն ունի. մենք քաղաքակիրթ ժողովուրդ ենք: Հայերը գնում, Թուրքիայում են առեւտուր անում, թուրք բիզնեսմենները գալիս են Հայաստան, պարսիկներն են գալիս Հայաստան, առեւտուր անում: Ի՞նչ կա այդտեղ: Առավել եւս, որ այդ տունը ո՛չ թուրքերի, ո՛չ էլ ուրիշների չի վաճառվել: Այդ ամենը հորինված էր, որպեսզի «թասիբի» բերեն հայերին: Լեւոն Անանյանն ու նրա պատվիրակության ներկայացուցիչներն իրենք էլ Թբիլիսիում համոզվեցին, որ ոչ մի ընկերություն, ոչ մի ֆիրմա չի գնել Թումանյանի տուն-թանգարանը: Ավելին, առ այսօր շենքի պատին փակցված է երկու մետրանոց ցուցատախտակ՝ համապատասխան վերտառությամբ: Ասեմ ավելին, որ նման ցուցատախտակներ կան նաեւ այն շենքերի վրա, որտեղ բնակվել են մյուս նշանավոր հայերը՝ Տիգրան Պետրոսյան, Բաշինջաղյան, Արամ Խաչատրյան եւ այլք:
-Ի՞նչ եք կարծում ճիշտ չէ՞ր լինի, եթե Հայաստանը գներ Թումանյանի տուն-թանգարանը, եւ ինքն էլ պահպաներ այդ շենքը:
-Դա արդեն պետք է հարցնել Հայաստանի իշխանություններին: Ուզում են՝ թող գնեն նաեւ մյուս մեծանուն հայերի տները: Երբ 50-ականներին Օլգա Թումանյանը տեղափոխվեց Երեւան, ինչո՞ւ Հայաստանն այն ժամանակ չլուծեց այդ հարցը, ինչո՞ւ հետո չլուծեց այդ հարցը: Գրեթե 60 տարի այդ հարցին չանդրադարձան: Մի պահ կրկին աղմուկ բարձրացավ 2000 թվականին, հիմա նորից է մեծ աղմուկ բարձրացել:
-Տեղեկություն եղավ, որ բազմիցս վեճերի առիթ հանդիսացած հայկական Սուրբ Նշան եկեղեցում հրդեհ էր եղել: Արդյո՞ք սա պատահականություն է, թե՞ ոչ:
-Սուրբ Նշանում հրդեհ չի եղել, այն չի այրվել: Այդ եկեղեցին մինչեւ 2000 թիվն օգտագործվում էր որպես Հանրային գրադարանի գրապահոց, այնտեղ թղթեր դեռ կային: Երբ Ամանորի օրերին երեխաները խաղացել էին, հրավառության արդյունքում կրակ էր ընկել, թղթերը ծխացել էին: Հրշեջները եկան, այդ ծուխը հանգցրին: Ու հրդեհաշիջման ժամանակ վնասվել, ընկել էր եկեղեցու սյուներից մեկը: Բայց եկեղեցին չի վնասվել: Հայ մասնագետներ էլ եկան, նրանք էլ համոզվեցին դրանում: Հիմա արդեն Վրաստանի իշխանությունները սկսել են վերականգնել եկեղեցին: Հիմա Սուրբ Նշանը գտնվում է  Վրաստանի՝ հուշարձանների պաշտպանության դեպարտամենտի հսկողության տակ, որն էլ վերականգնում է եկեղեցին:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս