Ստամբուլում ցուցարարները բախվել են ոստիկանների հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի Ստամբուլ քաղաքում տեղի է ունեցել ցուցարարների բախում ոստիկանների հետ: Ըստ ИТАР-ТАСС-ի` բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը գլխի ծանր վնասվածք է ստացել և տեղափոխվել է հիվանդանոց: Ստամբուլի Բեյoղլու թաղամասի Օքմեյդանի հրապարակում դիմակներով փակված դեմքերով մի քանի տասնյակ ակտիվիստ է հավաքվել` ի հիշատակ Մանիսա նահանգի հանքահորում զոհված հանքափորերի: Միջոցառումն արտոնված չի եղել, այդ պատճառով հրապարակ են ժամանել ոստիկանության հատուկ ջոկատները:

Չկարողանալով հավաքվածներին համոզել, որ ցրվեն, ոստիկաններն արցունքաբեր գազ և ջրցաններ են կիրառել: Ի պատասխան՝ ցուցարարները սկսել են բարիկադներ կառուցել և ոստիկանության վրա քարեր ու պայթուցիկ նյութերով շշեր նետել: Դրանցից մեկն ընկել է ոստիկանության զրահապատ մեքենայի վրա: Հանքահորում տեղի ունեցած ողբերգությունից հետո նման բողոքի ակցիաներ են անցկացվել երկրի շատ քաղաքներում: Որոշ վերլուծաբանների կարծիքով՝ փողոց դուրս եկող երիտասարդները ավելի շատ փորձում են լարել երկրի ներքաղաքական իրավիճակը:

Բոլոր ակցիաների ժամանակ ապստամբները պաստառներ են կրում, որոնց վրա կառավարության հրաժարականի պահանջներ են:




Լրահոս