ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԿՐՃԱՏՈՒՄ ԵՆ-1
««Արմավիա» ավիաընկերությունում իրականում կրճատումներ եղել են, կան ու կլինեն»,-երեկ հայտարարել է ավիաընկերության նորանշանակ նախագահ Նորայր Բելլույանը, ով մինչ այդ զբաղեցրել է «Արմավիա» ավիաընկերության գործադիր տնօրենի պաշտոնը:  Աշխատակազմի զգալի կրճատումը Բելլույանը պայմանավորել է համաշխարհային ճգնաժամով: «Հիմա` այս ճգնաժամի ժամանակ, իմաստ չունի պահել 1000 աշխատակցի, եթե, օրինակ, նույն աշխատանքը կարող են  իրականացնել 500-ը: Շատերն իրենց հաշվին արձակուրդի են ուղարկվում, քանի որ հնարավոր է, որ ճգնաժամից դուրս գալուց հետո, երբ նոր չվերթեր բացվեն, տվյալ աշխատակիցները կրկին ետ բերվեն»,-ասել է  Բելլույանը` միեւնույն ժամանակ նշելով, որ այս տարի սպասվում է ուղեւորահոսքի 8-10 % ավելացում:

ԿՐՃԱՏՈՒՄ ԵՆ-2
«Նաիրիտ» գործարանում զանգվածային կրճատումներ դեռ չկան: Սակայն «Նաիրիտ» գործարանի ազատ արհկոմի նախագահ Հրաչ Թադեւոսյանն «Առաջին լրատվական»-ին հայտնել է. «Տնօրենը պատրաստվում է օրենքի սահմաններում որոշ հաստիքներ կրճատել»: Հ.Թադեւոսյանը, նշելով, որ նման նախագիծ կա, չի պարզաբանել, թե քանի հաստիքի մասին է խոսքը` պատճառաբանելով, որ դա իր իրավասություններից դուրս է: «Կան հաստիքներ, որ ստեղծվել են գործարանն աշխատելու դեպքում որոշակի ֆունկցիա կատարելու համար, բայց գործարանը կանգնած է 2 տարի, արտադրանք չի տալիս: Այս պահի դրությամբ այդ հաստիքներն ավելորդ են»,-ասել է  Թադեւոսյանը:

ԱՌԱՋԸՆԹԱՑ ՉԿԱ
Հայաստանի իշխանությունները շարունակում են ոտնահարել մարդու իրավունքները, մինչդեռ միջազգային գործընկերներն ամբողջովին չեն օգտագործում իրենց ազդեցության լծակները` իրավիճակը բարելավելու համար: Նման պնդում է արել միջազգային իրավապաշտպան  Human Rights Watch կազմակերպությունը` կիրակի օրը հրապարակած հերթական տարեկան զեկույցում: «Ազատություն» ռադիոկայանի ներկայացմամբ` զեկույցում արձանագրված է, որ 2011 թվականի ընթացքում պաշտոնական Երեւանը կրկին էական առաջընթաց չի արձանագրել մարտիմեկյան տասը սպանությունները բացահայտելու գործում, սահմանափակել է  հավաքների ազատությունը եւ բավարար քայլեր չի կատարել բանակում եւ անազատության վայրերում արձանագրված մահվան դեպքերը բացահայտելու համար:

ՉԻ՞ ՇԱՐՈՒՆԱԿԻ
ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի ժամանակ ԵԽԽՎ նախկին նախագահ, ազգությամբ թուրք Մեւլութ Չավուշօղլուն առաջարկել է Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի գործունեությունը շարունակել եւս մեկ տարի, ինչին հայկական պատվիրակությունը դեմ է արտահայտվել: ԵԽԽՎ-ի երեկ ընտրված նախագահ Ժան Կլոդ Մինյոնը հայտնել է, որ ենթահանձնաժողովը չի շարունակի իր գոյությունը:

ՎԵՐԸՆՏՐՎԵԼ Է

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Հայաստանի հանրապետական կուսակցության Աջափնյակ տարածքային կազմակերպության խորհրդի նիստին, որի ընթացքում կառույցի ղեկավար է վերընտրվել Արման Սահակյանը:  Հանդիպմանը մասնակցել է նաեւ ՀՀ գլխավոր դատախազի եղբայր Ռուբեն Հովսեփյանը, որը մտադիր է այդ համայնքում՝ թիվ 6 ընտրատարածքում՝ առաջադրվել որպես պատգամավոր:

ՀԱՆԿԱՐԾԱՄԱՀ Է ԵՂԵԼ
Կյանքի 90-րդ տարում հանկարծամահ է եղել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, արվեստագիտության թեկնածու Խաչատուր Ավագյանը: Հայտնի թատերագետի եւ մշակութաբանի հուղարկավորությունը տեղի կունենա հունվարի 24-ին` ժամը 14-ին, Քանաքեռի Սբ. Հակոբ Մծբինեցի եկեղեցուց:

ՄԱՐՏԻՆ ԿՇԱՀԱԳՈՐԾՎԻ
Ստեփանակերտի օդանավակայանը շահագործման կհանձնվի այս տարվա մարտին: Այդ մասին, հղում անելով ԼՂՀ կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը, տեղեկացնում է armlur.am-ը: Ինքնաթիռների թռիչքին եւ ընդունմանն առնչվող բոլոր կադրերը եւ մասնագետներն արդեն ստացել են համապատասխան լիցենզիաներ, իսկ սպասարկող անձնակազմը դրանք կստանա մոտ ժամանակներս:




Լրահոս