«Հին Էրիվան» հոլդինգի սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանը երեկ հայտնեց, որ իրենք ստեղծել են հասարակական կազմակերպություն, որը նպատակ ունի «Յունիբանկից» տուժած բոլոր անհատներին հավաքել մի տեղ, լսել նրանց բողոքը բանկի հետ կապված, և համապատասխան օգնություն ցուցաբերել:
Հոլդինգի տնօրենը վստահություն հայտնեց, որ իրենց իրավաբանական անվճար խորհրդատվությունը շարունակական է լինելու:
«Բոլոր տուժածներին հրավիրում ենք «Հին Էրիվան», որտեղ կկազմենք գործերը, կդիմենք դատարաններին, կպաշտպանենք այդ մարդկանց շահերը ու կհասնենք արդարության»,- ասաց Մանվել Տեր-Առաքելյանը:
Վերջինս հիշեց նաև այն ժամանակները, երբ «Յունիբանկի» տնօրեն Վարդան Աթայանն իր հետ հաց է կիսել, համագործակցել է, իսկ հետագայում դիմել է 6-րդ վարչություն` իր դեմ ցուցմունք տալու համար:
«Վարդան Աթայանի տված հաղորդագրության հիման վրա՝ ինձանից ցուցմունք են վերցրել՝ հետագայում պարզելով, որ ցուցմունքը սուտ է եղել, նրա դեմ քրեական գործ է հարուցվել: Պարոն Աթայանն իմ երեսուն տարվա հեղինակությունը գցեց ջուրը: Նրա այդ հայտարարության պատճառով տապալվեց իմ ողջ բանկային պատմությունը, գործարարի իմ համբավը»,- ասաց Մանվել Տեր-Առաքելյանը:
«Հին Էրիվանի» սեփականատերը պաշտոնապես հայտարարեց, որ ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի եղբոր` Վահան Հարությունյանի փորձերը շենքի գնորդներ գտնելու հարցում իզուր են:
«Իմ շենքը չի վաճառվում, ես չեմ վաճառվում: Ես այն երբևէ չեմ վաճառելու: Այնպես որ, բոլոր սփյուռքահայ մեր մեծահարուստներին կոչ եմ անում՝ թող ոչ ոք այդ պատրվակով չգա Հայաստան: Ու թող ոչ ոք հոդված չգրի, թե ևս մեկ գցված գործարար կա, որի անունը շեշտում է նախարարի եղբայրը` Վահան Հարությունյանը»,- հայտարարեց գործարարը:
«Հին էրիվանի» սեփականատերը հայտնեց, որ նախորդ տարի իրեն է փորձել միանալ մի երիտասարդ` Բորիս անունով, և հայտնել է, որ ինքը Բյուրեղավանում ունի սաֆիրի աճեցման գործարան:
«Դուք պատկերացնո՞ւմ եք` ինչ է դա նշանակում: Մենք խոսում ենք ձկնարդյունաբերության և այլնի մասին: Բայց սաֆիրի շնորհիվ հանրապետությունը շատ կարճ ժամանակում կարող է դառնալ ծաղկուն երկիր: Հիմա ամեն ինչի հետ սաֆիր է օգտագործվում: Ու հիմա այս անձնավորությունը մի քանի տարի առաջ ինձ ցույց է տվել 30 մլն դրամի պատվեր միայն մեկ ամսվա մեջ: Ու ինքը մեկ միլիոն դրամի դիմաց մնացել էր կետանց: Եվ վերջերս էլ իմանում իմանում եմ, որ ինքը գտնվում է ուղղիչ աշխատանքային գաղութում, գիտնական տղան գտնվում է ուղղիչ աշխատանքային գաղութում»,- պատմեց գործարարը` հայտնելով, որ «Յունիբանկը» երիտասարդի հիմնարկ-ձեռնարկությունը վաճառել է ինչ-որ օֆշորային կազմակերպության, իսկ սա դեռևս չի աշխատում: Արդյունքում` երիտասարդ գիտնականը հայտնվել է գաղութում:
Պատճառը, Մանվել Տեր-Առաքելայնի փոխանցմամբ, դեռևս անհայտ է: Իսկ այդ գործով կառավարիչը` Խաչիկ Նազարյանը հետագայում «Հին Էրիվանի» ժամանակավոր կառավարիչ է նշանակվել: Իմանալով, որ «Յունիբանկի» սնանկացման բոլոր գործերը գտնվում են այդ մարդու հսկողության տակ, նրան ամեն գնով փորձում են հանել իրենց կազմակերպությունից, և արդյունքում հաջողվում է:
Գործարարի համար անհասկանալի է նաև այն, թե ինչպես կարող է մյուս կողմի ներկայացուցիչն ասել դատարանում` երեք միլիարդը հնարավոր է հաշվել հաշվիչով:
«Փաստաբանն իրավաբանի գիտելիքներ ունի, ոչ թե հաշվապահի: Ի՞նչ է նշանակում, որ փաստաբանը դատարանում ասում է` երեք միլիարդը կարող են կալկուլյատրով հաշվել»,- ասաց Տեր-Առաքելյանը:
Նա հայտնեց նաև, որ վարչապետի կազմակերպած հանդիպմանը գործարարների հետ ինքը չի ներկայացել, քանի որ այն բանից հետո, երբ իրեն բանկերն անգամ 4.000 դրամ չեն տալիս, ինքն իրեն գործարար չի համարում:
Տաթև Հարությունյան