Անչափահաս Արման Մանուկյանը Երևանի թիվ 65 ավագ դպրոցում դանակահարություն է իրականացրել, ապա՝ դիմել փախուստի:
Armlur.am-ին հայտնի է դարձել, որ դեպքը տեղի է ունեցել 2013թ. դեկտեմբերի 5-ին՝ ժամը 12:40-ի սահմաններում:
Սկզբում Մանուկյանը վերոնշյալ դպրոցում վիճաբանել է Ռոլանդ Շահնազարյանի և Էրիկ Խաչատրյանի հետ, ապա՝ իր ձեռքում եղած սուր կտրող-ծակող դանակով հարվածել Շահնազարյանին և դիմել փախուստի:
Դատաբժշկական փորձաքննությունից պարզ է դարձել, որ Ռ. Շահնազարյանը ստացել է ձախ գոտկային շրջանի, մկանների` վերքի ձևով վնասվածք: Այդ կերպ նրան պատճառվել է առողջության՝ միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով:
Շենգավիթ համայնքի դատախազությունում հարուցվել է քրեական գործ, և 17-ամյա, նախկինում չդատված Արման Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 113 հոդվածի 2 մասի 1 կետով: Այն է` դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը` երկու կամ ավելի անձանց նկատմամբ, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:
Քրեական գործն այս պահին գտնվում է Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարում` դատավոր Նելլի Բաղդասարյանի վարույթում:
Արման Մանուկյանի շահերը դատարանում պաշտպանում է փաստաբան Հայկ Օսեփյանը:
Տաթև Հարությունյան