Աշտարակի քաղաքապետ Գագիկ Թամազյանը չի սիրում հարցազրույցներ տալ` մշտապես պատասխանելով, թե «հավես» չունի: Եւ հենց իրեն լրագրողներից ու աշտարակցիներից տարանջատելու, իր «թանկարժեք» ժամանակն «ավելորդ բաների» վրա չծախսելու համար էլ քաղաքապետարանի մուտքը դարձրել է անցագրերով: Այսինքն` աշտարակցիներն իրենց ընտրած քաղաքապետի «ռեզիդենցիան» մտնելու համար պիտի հատուկ անցագրեր ունենան:
Իսկ անցագրեր տալն էլ կախված է դարձյալ քաղաքապետի «հավեսից». ուզեց` կտա, չուզեց` չի տա… Գագիկ Թամազյանը, ով հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանի եղբորորդին է, ծնվել է Աշտարակում, քսան տարեկանում ավարտել է Երեւանի էլեկտրամեխանիկական տեխնիկումը եւ անմիջապես ընդունվել Գյուղատնտեսական ինստիտուտի մեխանիկայի ֆակուլտետ, որն ավարտել է 1969-ին: Նրա կենսագրության մեջ մի արտառոց փաստ գրավեց մեր ուշադրությունը. Գյուղինստիտուտում սովորելուն զուգընթաց` սովորել է նաեւ Պոլիտեխնիկական ինստիտուտի երեկոյան բաժանմունքում: Թե խորհրդային տարիներին ինչպես է հաջողացրել միաժամանակ սովորել երկու բուհում, պարզ չէ: Գ.Թամազյանն իր կենսագրության մեջ չի նշել բանակում ծառայության մասին, սակայն 1969-1971 թվականները «բաց» են մնացել: 1971-77 թվականներին աշխատել է որպես Արզնի-Շամիրամ ջրանցքի ոռոգման եւ ջրարբիացման համակարգերի վարչության ջրօգտագործման ինժեներ` տեղամասի պետ: Դրանից հետո մեկ տարի եղել է գլխավոր ինժեներ, իսկ ուղիղ տասը տարի` 1977-1987թթ., Աշտարակ քաղաքի քաղխորհրդի վերանորոգման-շինարարական վարչության պետ: 1987-1988թթ. տեղափոխվել է Սեւան եւ դարձել «Հայջրշին» տրեստի Սեւանի շինարարական վարչության պետ: 1988-ին հիմնադրել եւ մինչեւ օրս ղեկավարում է «Խաչիդուզ» ՍՊԸ-ն: Չբավարարվելով այսքանով` 2005-ին էլ դարձել է Ներսես Աշտարակեցի համալսարանի սեփականատեր-արտադրական կոոպերատիվի նախագահ, ապա նաեւ «Գ&Գ ինտկաբինետ» ՍՊԸ-ի հիմնադիր:
Ինչպես տեսնում ենք, բավական հարուստ մարդ է` հարուստ կենսագրությամբ: Թեեւ հետխորհրդային շրջանում իր ունեցած ձեռքբերումների համար պարտական է հորեղբորը` Արամ Թամազյանին, ով միշտ աջակցել է զարմիկին: Ավելին, դառնալով Աշտարակի քաղաքապետ` Գագիկ Թամազյանը դարձավ դատախազության յուրատեսակ վերահսկիչը: Իզուր չեն Աշտարակում ասում, թե Գագիկ Թամազյանն ավելի շատ է մխրճված դատախազության գործունեության մեջ, քան հորեղբայրը:
Գ.Թամազյանի պաշտոնավարման ողջ շրջանը լի է բազմաթիվ սկանդալներով: Նրան Դաշնակցությունն էր դատի տալիս, քանի որ 2010 թվականի սեպտեմբերի 11-ին, ՀՀ օրենսդրությանը համապատասխան, ՀՅԴ Արագածոտնի մարզային կառուցը գրավոր իրազեկել է Աշտարակի քաղաքապետ Գ.Թամազյանին Աշտարակի քաղաքային հրապարակում հանրահավաք անցկացնելու մասին, սակայն քաղաքապետն առանց որեւէ քննարկման եւ ուշացումով մերժել է դիմումը եւ առաջարկել ազգաբնակչության հետ հանդիպումն անցկացնել Աշտարակի մշակույթի տան դահլիճում: Ավելին, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցչից կրկին ստացած դիմումը քաղաքապետը մերժել է նաեւ երկրորդ անգամ` դարձյալ օրենքով նախատեսված ժամկետների խախտմամբ: Նա վերստին առաջարկել է «հանդիպումն ազգաբնակչության հետ անցկացնել Աշտարակի մշակույթի տան դահլիճում»` իրեն վերապահելով ՀՅԴ Արագածոտնի կառույցի փոխարեն որոշել, թե միջոցառման որ ձեւն է նախընտրելի կուսակցության համար` հանրահավա՞ք, թե՞ «հանդիպում ազգաբնակչության հետ»: Սա, իհարկե, օրենքի խախտման եւ ինքնիրավչության վառ դրսեւորում էր, սակայն ո՞վ կարող էր դեմ կանգնել ամենազոր քաղաքապետին, մանավանդ որ նրան աջակցում էին Գլխավոր դատախազությունից: Մի զավեշտալի փաստ էլ ժամանակին արձանագրեց մեր մամուլը. «Օրեր առաջ Աշտարակի քաղաքապետ Գագիկ Թամազյանը 2009թ. առաջին կիսամյակի հաշվետվությունը ներկայացրեց քաղաքացիներին եւ ավագանու անդամներին: Չանդրադառնալով հաշվետվության մանրամասներին` նշենք միայն, որ քաղաքապետը հաշվետվությունը ներկայացնելիս մի տեսակ զարմացած էր:
Նախ ամեն տողը կարդալիս մանրամասն իր մտքերով կիսվում էր դահլիճում ներկաների հետ` տպավորություն թողնելով, որ Գագիկ Թամազյանը ներկայացնում է այլ գերատեսչության հաշվետվությունը եւ կարդալու պահին է դրան ծանոթանում: Ասենք, երբ հարկերի կամ ոռոգման ջրի մասին էր ներկայացնում, բարձրաձայն ասաց. «Ա՛յ ճիշտ է, ես էլ եմ ասածի հետ համաձայն»:
Աշտարակի քաղաքապետի զարմացած պահվածքը վկայությունն է այն բանի, որ նա ոչ միայն չի տիրապետում իր ոլորտի խնդիրներին, այլեւ չգիտի իր պարտականությունները»:
«Աշտարակի քաղաքապետը չի ենթարկվում ոչ միայն դատարանի վճռին, այլեւ ՀՀ նախագահի հանձնարարականներին: Ամիսներ առաջ նրա թույլտվությամբ Աշտարակի Տիգրան Մեծի 28ա շենքին կից խաղահրապարակն ավերվում էր ոստիկանության նախկին աշխատակից, «Ջրմուղ» կոյուղում որպես իրավաբան աշխատող Բագրատ Մարգարյանի կողմից: Վերջինս ջրագծերը վերանորոգելու քողի տակ լայնամասշտաբ շինարարություն էր նախաձեռնել: Եւ դա արել էր Գ.Թամազյանի հովանու ներքո: Տիգրան Մեծի 28ա շենքի բնակիչները վստահեցնում էին, որ ամիսներ առաջ ՀՀ նախագահի վերահսկողության բաժնի աշխատակիցներն այցելել են այդ տարածք եւ պահանջել անմիջապես դադարեցնել քանդման գործողությունները: Սակայն անգամ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության պահանջից հետո Բ.Մարգարյանը շարունակել էր այդ գործողությունները: Այսինքն` քաղաքապետի «դուխը» հերիքում է դեմ գնալ ոչ միայն դատարանների վճիռներին, այլեւ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությանը»,-սա էլ քաղված է մեկ այլ հրապարակումից: Ստացվում է, որ ինքնիշխան այս քաղաքապետի համար օրենքներ, պարտականություններ եւ պարտավորություններ գոյություն չունեն:
Ինչեւէ, չար լեզուներն ասում են, թե Գագիկ Թամազյանն այլեւս չի ուզում քաղաքապետ լինել: Երեւի խեղճ մարդը հոգնել է հանրության «հոգսերը հոգալուց» եւ ժամանակն է, որպեսզի վայելի իր հարուստ ունեցվածքը:
«ԱՆՀԱՎԵՍ» ՔԱՂԱՔԱՊԵՏԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ