Շիրակի մարզի մի շարք գյուղական բնակավայրերում պատրաստվում են ՏԻՄ ընտրությունների: 7 համայնքներում առաջադրված 16 թեկնածուներից 7-ը hանրապետականներ են եւ հիմնականում գործող գյուղապետեր: ՕԵԿ-ն ունի երկու թեկնածու` Նահապետավանում եւ Գեղանիստում, իսկ ՀՅԴ-ն մեկ թեկնածու՝ Գեղանիստում: Մյուսներն անկուսակցական են եւ հիմնականում առաջադրվել են ձեւականորեն, քանի որ Ընտրական նոր օրենսգիրքը թույլ չի տալիս մեկ թեկնածուի առաջադրում: Ուստի գյուղապետերը ստիպված են եղել խնդրել ծանոթ-բարեկամի` ձեւականորեն դնել թեկնածությունը: Օրինակ` Բասեն համայնքի ՀՀԿ-ական գյուղապետ Համլետ Պետրոսյանը խոստովանում է, որ իր ընկերոջը` Արշակ Խաչատրյանին, ով նաեւ գյուղապետի տեղակալն է, ինքն է խնդրել առաջադրել թեկնածությունը: «Ես ազնվորեն խոստովանեմ, որ հենց այդպես էլ եղել է, որովհետեւ որեւէ այլ թեկնածու չի եղել: Բասենում էլ որ հարցնեք, կհամոզվեք, որ որեւէ մեկը չի ցանկացել դնել իր թեկնածությունը: Օրենքի կետը պաշտպանելու համար ես եմ խնդրել»,-ասում է Պետրոսյանը: Նա չի բացառում, որ մինչեւ փետրվարի 12-ն իր ծանոթն ինքնաբացարկի դիմում ներկայացնի: Առաջին անգամ Համլետ Պետրոսյանը Բասենի գյուղապետ է ընտրվել 2008 թվականին, երբ դեռ անկուսակցական էր, իսկ 2009-ին անդամագրվել է ՀՀԿ-ին: Եթե իր տեղակալը ցանկություն չհայտներ առաջադրելու իր թեկնածությունը, ապա Համլետ Պետրոսյանը ստիպված էր լինելու համայնքաբնակներից որեւէ մեկին խնդրել` դառնալ իրեն մրցակից:
Վահրամաբերդ համայնքում էլ պատկերը կրկնվում է: Գործող գյուղապետ, ՀՀԿ-ական Աղվան Մարտիրոսյանի «մրցակիցը» գյուղապետարանի առաջին կարգի մասնագետ Սեդրակ Գեւորգյանն է: Ուշագրավն այն է, որ վերջինս համոզված է` հաղթելու է գործող գյուղապետը, քանի որ նա հանրապետական է: ՀՀԿ-ական լինելը նա համարում է փրկություն: «Փրկությունը գտանք կուսակցության մեջ: Ստիպված մենք էլ ենք դառնալու, որ ինչ-որ հարց լուծենք: Բնական երեւույթ: Թույլ կուսակցությունները ոչինչ չեն կարող անել»,-անկեղծացավ թեկնածուն:
Վահրամաբերդի գործող գյուղապետը դժգոհ է օրենքի փոփոխությունից: Նրա գնահատմամբ` կան համայնքներ, որտեղ մեկ թեկնածու գտնելն է դժվար, էլ ուր մնաց մրցակցության ապահովման խնդիրը լուծվի: «Մարդիկ չեն ցանկանում մի քանի կոպեկ ստանալով աշխատել: Կոպեկներ ենք ստանում, դրա համար թեկնածու չկա»,-նշեց Աղվան Մարտիրոսյանը:
Շիրակ համայնքն էլ ոչնչով չի տարբերվում վերոհիշյալ երկու բնակավայրերից: Գործող գյուղապետ, ՀՀԿ-ական Խորեն Հարությունյանի «մրցակիցը» անկուսակցական, գյուղապետարանի աշխատակից Կարապետ Հակոբյանն է: Վերջինիս առաջադրումը դարձյալ ձեւական բնույթ է կրում:
Փոխարենը լուրջ մրցակցություն է սպասվում Պեմզաշենում, որտեղ գործող գյուղապետն, ով առաջադրել է իր թեկնածությունը, անկուսակցական է: Բայց ահա գյուղապետի աթոռի համար պայքարում են երկու հանրապետականներ` Երվանդ Միքայելյանը եւ Ալբերտ Պետրոսյանը: Երկու ՀՀԿ-ական միմյանց դեմ կպայքարեն նաեւ Գառնառիճում` համայնքի ղեկավար Մանվել Ղազարյանը եւ Գառնառիճի միջն. դպրոցի ուսուցիչ Վանիկ Մանուկյանը:
Գյումրի