40 ՄԻԼԻՈՆԻ ՊԱՐՏՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզպետարանի տվյալներով` 2011թվականին մարզի գինու եւ կոնյակի գործարաններն ընդհանուր առմամբ մթերել են 8011 տոննա խաղող: Դրանից 1.500 տոննան ընդունել է «Իջեւանի գինու եւ կոնյակի գործարան» ՓԲԸ-ն: Խաղողը մի քանի ամիս առաջ են ընդունել, սակայն այս գործարանում ընդունված  բերքի դիմաց գյուղացիների մի մասին դեռեւս չեն վճարել:
Իջեւանի գինու եւ կոնյակի գործարանի տնօրեն Ատոմ Եգորյանը չցանկացավ պատասխանել այն հարցին, թե ընդունած բերքի որ մասի համար իրենք դեռեւս գումարը չեն վճարել` ասելով միայն, որ խաղող մթերած անձանց հետ ունեն  պայմանագրեր եւ գումարները վճարում  են դրանցում նշված ժամկետներում: Նրան հիշեցրինք, որ  Տավուշի մարզում առավել շատ խաղող մթերած «Երեւանի կոնյակի գործարան» ՓԲԸ Բերդի մասնաճյուղը, նաեւ «Բերդավանի գինու գործարան» ԲԲԸ-ն, Երեւանի շամպայն գինիների գործարանի Դեբեդավանի մասնաճյուղն ընդունած բերքի դիմաց արդեն վճարել են խաղողագործներին: Տնօրենն էլ հակադարձեց, թե իրենք ընդունել են նաեւ այն հումքը, որը հրաժարվել են ընդունել «Երեւանի կոնյակի գործարան» ՓԲԸ Բերդի մասնաճյուղում:
Հունվարի 19-ին Տավուշի մարզխորհրդի նիստի ժամանակ մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Ռազմիկ Մելիքջանյանը հայտարարեց, որ Իջեւանի գինու եւ կոնյակի գործարանն ընդունած խաղողի դիմաց մարզի խաղողագործներին դեռեւս 40 միլիոն դրամ պարտք է:  Հավելենք` իջեւանցիները դժգոհում են, որ Երեւանում զանազան միջոցառումներ հովանավորող «Իջեւանի գինու եւ կոնյակի գործարան» ՓԲԸ-ն զլանում է  Իջեւանի գինու գործարանի հսկա շենքի գլխին, միջպետական ճանապարհի եզրին մի քանի լամպ տեղադրել, ինչի պատճառով Տավուշի մարզկենտրոնի հարավային մուտքը գիշերները խավարի մեջ է:




Լրահոս