Ինչո՞ւ է Կառավարության ծրագրում բացակայում աշխատատեղերի հարցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը մեղադրեց Կառավարությանը, որ վերջինիս ծրագրում չկա աշխատատեղերի ստեղծման քարտեզ:

Նրա դիտարկման և Կառավարության նոր ծրագրի հնարավորությունների մասին armlur.am-ը զրուցեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի հետ:

Պարո՛ն Ասատրյան, ինչպե՞ս կմեկնաբանեք պատգամավորի դիտարկումները:

– Ի վերջո, Կառավարության հիմնական խնդիրը հավասար աշխատանքային պայմանների ապահովումն է: Կարծում եմ՝ ամենամեծ արդյունքը կարելի է ակնկալել և ստանալ այն դեպքում, երբ Կառավարությունը կամ պետությունը ստեղծում է պայմաններ այդ հավասար մրցակցային պայմաններում. առաջին հերթին, որ մարդիկ ստեղծեն այդ աշխատատեղերը և զբաղվեն գործարարությամբ: Կառավարությունն աշխատատեղեր կարող է ստեղծել միայն խոշոր ծրագրերի միջոցով:

Մեր հիմնական նպատակն է այնպես անել, որ մարդիկ առկա աշխատաշուկայում փնտրեն և գտնեն իրենց աշխատանքը:

– Նախորդ Կառավարության ծրագրից սկսած՝ խոսվում է այնպիսի քայլերի մասին, որոնք կնպաստեն աղքատության նվազմանը: Սակայն աղքատությունը մեր երկրում աճում է: Այս Կառավարությունն ի՞նչ հստակ քայլեր է պատրաստվում իրականացնել` աղքատության նվազման համար:

– Դա հենց տնտեսական աճն է ապահովելու: Միայն տնտեսական աճի հավելյալ արդյունքի ստեղծման շնորհիվ է հնարավոր կատարել վերաբաշխում ստեղծված արդյունքի` առավել խոցելի խմբերին կամ անկարողունակներին, ովքեր չեն կարողանում սեփական աշխատանքով իրենց սոցիալական խնդիրները լուծել:

Ի վերջո, տնտեսությունում կամ երկրում ստեղծվող հավելյալ արդյունքը սոցիալական պաշտպանության ոլորտի միջոցով վերաբաշխումն առավել սոցիալական խմբերին և հնարավորինս նպատակային և հասցեական` հնարավորություն է ընձեռում ստեղծված արդյունքն առավելապես ծառայեցնել իրենց նպատակին, որն էլ բերում է աղքատության նվազման:

– Ընդդիմադիր պատգամավորները նշում են, որ Կառավարության այս ծրագիրը միայն կոսմետիկ փոփոխությունների է ենթարկվել:

– Ես այդ կարծիքին չեմ: Շատ ավելի ճիշտ կլինի՝ խնդիրներին անդրադարձ կատարվի այն հիմնական քաղաքական մոտեցումների, ծրագրային դրույթների ներքո, որոնք հստակ ներկայացվեց վարչապետի կողմից` Կառավարության ծրագիրը ներկայացնելիս:

Հիշեցնենք, որ Կառավարության ծրագիրը խորհրդարանում ընդունվեց 70 կողմ, 1 դեմ և 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությանմբ: ԱԺ ոչ իշխանական չորս ուժեր ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը և Ժառանգությունը միասնաբար չմասնակցեցին քվեարկությանը:

 

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս