ՀԱՐՑ. 1950 թ-ին ավարտել եմ Երեւանի պետական համալսարանը, այն ժամանակ դիպլոմիս մեջ չի նշվել, որ ստացիոնար եմ սովորել: Ունեմ 35 տարվա աշխատանքային ստաժ, ստանում էի 31.000 դրամ կենսաթոշակ: Սեպտեմբեր ամսից սկսած` ստացա 27.000 դրամ: Վարդենիսի սոցապ ծառայությունում պատճառաբանեցին, որ դիպլոմիս մեջ նշված չէ, որ ստացիոնար եմ ավարտել, դրա համար էլ գումարի չափը կրճատվել է: Կխնդրեի մի փոքր մանրամասնել, ի՞նչն է պատճառը, որ այլեւս 31.000 դրամ չեմ կարող ստանալ: Խնդրում եմ հնարավորության սահմաններում օգնել:
ՊԱՏԱՍԽԱՆ. «Ժողովուրդ» օրաթերթից ստացված Ելենա Աղաջանյանի դիմումի կապակցությամբ կենսաթոշակի գործի ուսումնասիրությունից պարզվել է, որ 14.07.1981թ. նրան նշանակվել է տարիքային կենսաթոշակ:
Ըստ Մաշտոցի տարածքային բաժնի 30.10.2001թ. հաշվարկ-կարգադրության` Ե.Աղաջանյանի աշխատանքային ստաժը 1945-1950թթ. ուսման տարիների հաշվառմամբ կազմել է 37 տարի 6 ամիս:
Ե.Աղաջանյանի դիմումի հիման վրա 26.11.2001թ. նրա կենսաթոշակի գործը Մաշտոցի տարածքային բաժնից տեղափոխվել է Վարդենիսի տարածքային բաժին:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի 30.10.2008թ. թիվ 136-Ա/1 հրամանով հաստատված «Սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային բաժիններում կենսաթոշակի գործերը գույքագրելու» կարգի համաձայն` Վարդենիսի տարածքային բաժնում Ե.Աղաջանյանի կենսաթոշակի գործը գույքագրվել է 08.09.2011թ.:
Գույքագրմամբ պարզվել է, որ կենսաթոշակի գործում բացակայում է Երեւանի պետական համալսարանում 01.09.1945թ. մինչեւ 27.06.1950թ. սովորելու վերաբերյալ դիպլոմը կամ այն հաստատող որեւէ փաստաթուղթ, որի հետեւանքով նշված ժամանակահատվածի համար 5 տարվա չափով պակասեցվել է աշխատանքային ստաժից:
Կենսաթոշակի գործում առկա փաստաթղթերով ու Երեւանի ռուսական մանկավարժական ուսումնարանում 1942-1945թթ. սովորելու 3 տարիների հաշվառմամբ աշխատանքային ստաժը կազմել է 32 տարի 11 ամիս` 37 տարի 6 ամսվա փոխարեն, որի հիման վրա կենսաթոշակը վերահաշվարկվել է եւ 2011թ. հոկտեմբեր ամսից կազմել է 27.726 դրամ:
(շարունակությունը հաջորդ համարում)
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Անչափ հետաքրքիր պատմություն է ստացվում: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության վարչության պատասխանն ամբողջությամբ ներկայացնելուց հետո կփորձենք գնահատել քաղաքացուն թղթաբանական սարդոստայնի մեջ գցած կառույցի տվյալ արարքը: